Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը՝ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական (AOC) և Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագիր (AOL), ինչը Ֆլայ Արնա ավիաընկերությանը թույլ է տալիս սկսել գործունեությունը Երևանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից։
Վկայականի և հավաստագրի ստացումը նշանակում է, որ ավիաընկերությունը համապատասխանում է բոլոր մասնագիտական չափանիշներին, հետևել է օդանավերի շահագործման համար անհրաժեշտ անվտանգության բոլոր կանոններին և պատրաստ է թռիչքներ իրականացնել՝ անցնելով ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից համապարփակ ստուգումները:
Ֆլայ Արնան աշխատում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ թռիչքների մեկնարկի վերջնական ժամկետի ճշգրտման ուղղությամբ։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի թիմի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ վկայականը ստացվել է ժամանակին՝ բոլոր չափանիշներին համապատասխանելու և բոլոր ստուգումներն անցնելու արդյունքում։ Այս կարևոր իրադարձությունը հնարավորություն է տալիս ընկերությանը սկսելու չվերթները, փաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի վստահության, դրա ներուժի և Ֆլայ Արնայի դերի մասին` ոլորտի երկարաժամկետ նպատակների իրագործման հարցում:
Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) կողմից Ֆլայ Արնային հատկացվել է G6 երկնիշ կոդը: Թռիչքները կմեկնարկեն երկու Airbus A320 ինքնաթիռներով։ Ընկերությունը գործելու է Էյր Արաբիա ընկերության բյուջետային հաջողված բիզնես մոդելով։
ԱՆԻՖ-ը վստահ է, որ Ֆլայ Արնան սկսելու է հայկական քաղաքացիական ավիացիայի հաջողության նոր էջը՝ նպաստելով այս ոլորտում կարողությունների զարգացմանը, չափանիշների բարձրացմանը և նոր տնտեսական հնարավորությունների ստեղծմանը։