«Համաներման հանրային պահանջի հիմքում ընկած է նախկին իշխանության օրոք ապօրինի անազատության մեջ գտնվող մարդկանց ազատության խնդիրը». իրավապաշտպան

«Համաներման հանրային պահանջի հիմքում ընկած է նախկին իշխանության օրոք ապօրինի անազատության մեջ գտնվող մարդկանց ազատության խնդիրը». իրավապաշտպան
«Համաներման հանրային պահանջի հիմքում ընկած է նախկին իշխանության օրոք ապօրինի անազատության մեջ գտնվող մարդկանց ազատության խնդիրը». իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

– Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է նաև համաներում հայտարարելու որոշման նախագիծը, արդյոք այս որոշման նախագիծը ավելի վա՞ղ պետք է հայտարարվեր։

– Չեմ կարծում, որ ուշացած է։ Կարևորը, որ լինի համաներումը, ես բազմիցս ասել եմ, որ համաներումը արդարադատության ամենավատ գործիքն է, բայց հաշվի առնելով նախորդ ժամանակահատվածում ընտրովի արդարադատության և արդարադատության բացակայության ոչ լիարժեք լինելու հետևանքով բազմաթիվ խնդրահարույց վճիռների, որոշումների հետևանքով ազատազրկված անձանց առկայությունը, պետք էր կիրառել համաներումը, որպեսզի մարդիկ հայտնվեին ազատության մեջ, որպեսզի գոնե այս գործիքով շտկվի իրավիճակը, և ընդունելի է, որ, այնուամենայնիվ, անդրադարձան։

– Ինչո՞ւ էին նախկին իշխանությունները սովորաբար համաներումը օգտագործում ընտրություններից առաջ։

– Դա արվում էր քաղաքական բանտարկյալների խնդիրները լուծելու համար։ Նախկին իշխանությունները չէին ընդունում, որ կան քաղաքական բանտարկյալներ, բայց միջազգային կառույցների ճնշման ներքո, համաներման ինստիտուտի միջոցով էին խնդիրները լուծում։ Այսինքն՝ հրապարակավ չէին ընդունում, որ իրենք քաղաքական հետապնդում են իրականացրել, մնում էին իրենց դիրքերում և իրենց ճշմարտությունը աղավաղում։ Մյուս կողմից էլ՝ մարդկանց փաստացի շնորհում էին ազատություն, որպեսզի քաղբանտարկյալների խնդիրը լուծեն։ Հիմա սա բոլորովին այլ իմաստ ունի, որովհետև այս իշխանությունը քաղաքական հետապնդումներ չի իրականացնում։

– Ինչու՞ հենց հիմա քննարկվեց համաներման հարցը, արդյոք սա կապվա՞ծ է քաղաքական վերջին իրադարձությունների հետ։

– Ո՛չ, հանրային պահանջի հիմքում ընկած են ոչ թե վերջին իրադարձություններով պայմանավորված քրեական հետապնդումները, այլ նախկին իշխանության օրոք ապօրինի քրեական հետապնդումների հետևանքով անազատության մեջ գտնվող մարդկանց ազատության խնդիրը։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am