ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները  օգոստոսի 5-ին  տեսակցել են Ադրբեջանի կողմից հուլիսի 29-ին առևանգված Արցախի բնակչին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 

«Օգոստոսի 5-ին մեր պատվիրակները Բաքվում կրկին անգամ տեսակցել են Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին: Ընտանիքի հետ կապի հնարավորություն նամակի տեսքով տրվել է, որից քաղաքացին օգտվել է: Այլ հարցերով տեղեկատվությունը փակ է, այլ բան այս պահին չեմ կարող նշել»,- ասաց Ամատունին:

Արցախի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետից առևանգվել էր հուլիսի 29-ին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ մեկնում էր Երևան բուժօգնության։