«Պահեցի, հասցրեցի 18 տարեկան, տարան մի րոպեում վերցրեցին երեխուս կյանքը, ո՞ւմ, ի՞նչ էին արել էս քյորփեքը». որդեկորույս մայրն ասում է՝ կյանքը զրոյացավ

«42 օր պայքար է մղել իմ Նարեկը։ Եղել ա Ֆիզուլիում, Կարմիր Շուկայում, Շուշիում, իմ բալայի աչքերն էնքան բան տեսան»,- արտասվելով ասում է 45-ամյա Կարինե Դավթյանը, որը պատերազմում կորցրել է 18-ամյա որդուն։

Նարեկ Դավթյանը ժամկետային զինծառայող է եղել, երկու ամիս էր՝ ինչ մեկնել էր ծառայության, երբ սկսվեց պատերազմը։ 

Կարինեն հիշում է, որ Նարեկը զանգելիս միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է և երբեք չէր բողոքում:

«Մի վայրկյան չի ասել, որ վատ ա, մենակ ասում էր՝ մա՛մ ջան, էդտեղ հրադադարի մասով բա՞ն չեն ասում, ասում էի՝ չէ՛, բալե՛ս, ասում են, բայց էլի խախտում են խոսքը, ասում էր՝ մա՛մ ջան, մեզանից ինչ հասնում ա՝ անում ենք»։

Կարինեն որդու հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 6-ին, նոյեմբերի 7-ի առավոտյան որդին Շուշիում զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։

«Ես չեմ էլ իմացել, որ Շուշիում ա, ինձ ասում էր՝ տեղափոխում են, ասում էի՝ ո՞ւր, բալե՛ս, ասում էր՝ չգիտեմ, ասում են՝ Ասկերան։ 3 օր կռիվ ա տվել Շուշիում։ ԱԹՍ-ի բեկորը հարվածել ա աչքին, գլխին։ Չէի պատկերացնում, որ իմ մոտ կարար տենց լիներ»։

Դավթյանների ընտանիքը Նարեկից լուր չի ունեցել շուրջ 83 օր։ Մայրն ասում է՝ կարծում էին՝ որդին գերի է: «Որովհետև մեզ ասում էին՝ վիրավոր գերի են տարել Նարեկին, ինչ-որ ադրբեջանական էջից էին մեզ ասել, հետո էդ էջը փակվեց»,- պատմում է մայրը։

Հունվարին Դավթյանները տեղեկանում են, որ Նարեկը զոհվել է։ Կարինեն ասում է՝ այդ պահից կյանքը միանգամից զրոյացավ։

«Զանգեցի Ղարաբաղ, տեղեկատվական կենտրոնին Նարեկիս անուն, ազգանունը ասեցի, նայեցին, ասեցին՝ ինչ կլինի, մի հատ տվեք հեռախոսը տղամարդու, իր հետ խոսենք: Ասեցի՝ ամեն ինչ գիտեմ, բայց ոչինչ չգիտեի… Ասեցին՝ Նարեկը մեզ մոտ ա, մի քանի ժամից արդեն կտեղափոխենք Երևան։ 

Մենակ հարցրեցի՝ երեխեն ամբողջակա՞ն ա, ասեցին՝ հա՛, գլուխն ա վնասված։ Ես էլի չէի հավատում, ասում էի՝ երևի շփոթություն ա եղել, երեխուս շորերը հագցրել են ուրիշին, բայց բերեցին, հարազատները գնացին, մորգում տեսան, ասեցին՝ ինքն ա»,- կսկիծով ասում է մայրը։

Նարեկը դպրոցն ավարտելուց հետո խոհարարությամբ էր զբաղվել, շուրջ մեկ տարի աշխատել, մայրն ասում է՝ որդին շատ աշխատասեր էր. «Մի վայրկյան ազատ չէր մնում, մրջյունի պես աշխատում էր։

Ասում էր՝ մա՛մ ջան, որ բանակից գամ, ես ինքս իմը կունենամ, հետն էլ կսովորեմ վարսավիրական։ Ինքը շատ էր սիրում վարսավիրությունը, ասում էր՝ ես պիտի լավ վարսավիր դառնամ »։

Նարեկը բարի էր, հարգանքով, իմ հանդեպ մշտապես շատ ուշադիր՝ ասում է Կարինեն։

«Խելացի էր, հարգանքով էր, շատ հոգատար, ասում էր՝ մա՛մ, կգամ, կաշխատեմ, տուն կառնեմ։ Մեր տունը շատ փոքր ա, հանրակացարանում ենք բնակվում՝ 18 քմ, ասում էր՝ գամ, ստեղծեմ, մամաս մի քիչ նորմալ ապրի»,- պատմում է ու կրկին հուզվում որդեկորույս մայրը, որը միայնակ էր մեծացրել որդուն։

Կարինեն ասում է՝ որդու կորստի հետ հաշտվել չի կարողանում, ցավը խորն է, կարոտը՝ անտանելի։

«Ես առանց Նարեկի չեմ կարողանում, զուտ ապրում եմ, թե չէ էս ապրել չի։

Մինչ էսօր էլ սպասում եմ, որ իմ բալեն պիտի գա։ Պահեցի, դարձրեցի 18 տարեկան, տարան մի րոպեում վերցրեցին երեխուս կյանքը, ո՞ւմ, ի՞նչ էին արել էս քյորփեքը»,- հուզվում է որդեկորույս մայրը։

Նարեկ Դավթյանը պատերազմի ժամանակ մարտական գործողությունների կատարման համար պարգևատրվել է մեդալով, հետմահու արժանացել է «Արիության մեդալի»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am