Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը` Հայոց Բանակի օրվա առիթով

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը` Հայոց Բանակի օրվա առիթով
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը` Հայոց Բանակի օրվա առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, Քրիստոսահաստատ մեր նվիրական սրբավայրից, Հայոց Բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում սիրեցյալ մեր ողջ ժողովրդին և քաջարի մեր բանակի զորաց ու զորականաց: 

Մեր անկախ պետականության մեծ ձեռքբերումն է Հայոց Բանակը, որն Աստծու օրհնությամբ մարտունակ ու զորեղ` արթուն պահպանում է ազատ, խաղաղ ու ստեղծարար կյանքը մեր հայրենիքի:
 
Հայոց Բանակը մշտապես կրողն է եղել մեր ժողովրդի հավատավոր, ազատատենչ հոգու, որով մեր պատմության վճռական պահերին կերտել է իր հաղթանակները:
 
Այսօր էլ մեր Բանակի մարտիկները հերոսանում և իրենց կյանք են ընծայում հայրենիքին` դասվելով բոլոր ժամանակներում ի սեր հայրենյաց մարտնչած ու նահատակված քաջերի կողքին: Այս տոնական օրը մենք հիշում ու մեծարում ենք հայ զենքի փառքը կերտած մեր պանծալի զինվորներին ու զորավարներին և անմահ մեր հերոսներին, և բոլոր նրանց, ովքեր նվիրվեցին անկախ պետականության ստեղծման վեհ և նվիրական գործին£

Մաղթում ենք, որ Հայոց Բանակի մարտիկները հոգու նվիրումով ու արիությամբ, նախանձախնդրորեն շարունակեն իրենց մշտարթուն ծառայությունը և բազմապատկեն Հայոց Բանակի ձեռքբերումները` պաշտպանելով մեր երկիրը, մեր արժեքներն ու սրբությունները:

Թող Ամենակալ Տերը խաղաղություն շնորհի ողջ աշխարհին և Իր Ամենախնամ Աջի հովանին տարածյալ պահի հայոց երկրի, զորաց ու զորականաց և  ժողովրդի վրա:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և խաղաղությունը թող լինեն ամենքիս հետ: Ամեն: