«Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող շուկայում մի խումբ անձանց կողմից առերևույթ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց մի խումբ անձինք, անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը,  գլխիվայր շրջել են քաղաքացուն պատկանող ավտոմեքենան՝ պատճառելով զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էին դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչներ են՝ ծնված համապատասխանաբար 1987 և 1980թթ.:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
ը։