Մտավոր հետամնացությո՞ւն, թե՞ գործը կոծկելու կարճ ճանապարհ. Չհամընկնող փաստեր` Գյումրիի սպանությունների գործով

Մտավոր հետամնացությո՞ւն, թե՞ գործը կոծկելու կարճ ճանապարհ. Չհամընկնող  փաստեր` Գյումրիի սպանությունների գործով
Մտավոր հետամնացությո՞ւն, թե՞ գործը կոծկելու կարճ ճանապարհ. Չհամընկնող փաստեր` Գյումրիի սպանությունների գործով

Մինչ ռուսական կողմը այսօրվանից սկսել է շրջանառության մեջ դնել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդում մեղադրվող Վալերի Պերմյակովի հոգեկան անառողջ լինելու վարկածը, սպանության հետ կապված բազմաթիվ տրամաբանական հարցեր դեռեւս մնում են անպատասխան:

Ըստ ռուսական լրատվամիջոցների,  ՌԴ գլխավոր տազմական դատախազությունը պահանջել է պատասխանատվության ենթարկել ինչպես բանակ զորակոչած զինկոմիսարիատի աշխատակիցներին, այնպես էլ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի համապատասխան պաշտոնյաներին, որոնք զենք են վստահել Պերմյակովին: Ըստ ռուսական աղբյուրների, Պերմյակովն առհասարակ չպետք է բանակում ծառայեր, քանի որ մտավոր հետամնացությամբ է տառապում` օլիգոֆրենիա:

Այս տեղեկություններն արդեն իսկ շրջանառվում են ռուսական իշխանամետ հեռուստաընկերություններում, ընդ որում սպանությունից գրեթե 4 շաբաթ անց երեւան եկած «նորությունը» ոչ միայն հետաքրքիր է այլեւ զարմանալի:

Թեեւ հրեշավոր դեպքից հաշված օրեր անց Պերմյակովի հայրը նշել էր, թե որդին հոգեկան առողջության հետ որեւէ խնդիր չի ունեցել, այնուամենայնիվ, այսօր շրջանառության մեջ դրված տեղեկությունների համաձայն, Պերմյակովը ոչ միայն օլիգոֆրեն է` մտավոր հետամնաց,  այլեւ մեկ ամիս ստացիոնար բուժում է ստացել հիվանդանոցում: Սակայն այս մասին, ինչքան էլ զարմանալի է, ընտանիքի անդամները նույնիսկ իրազեկված չեն եղել:

Արդյո ՞ք մտավոր հետամնացություն ունեցող մարդը կարող էր միայնակ այդ ծավալի հրեշավոր արարք գործել, անձայն ոչնչացնել մի ամբողջ ընտանիք, ապա անձայն ու աննկատ հեռանալ` թողնելով իր այցեքարտերն ամենուր:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրու Մյասնիկյան փողոցի 188-րդ տանը սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին` ներառյալ երկու տարեկան աղջիկ երեխային: 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում` զենքին ամրացված սվին դանակի հարվածներից ստացած վնասվածքներից:

Ըստ պաշտոնական վարկածի, Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն` «ջուր խմելու» եւ դաժանաբար մեկը մյուսի հետեւից սպանել էր ընտանիքի բոլոր անդամներին, քանի որ վախեցել է, թե Ավետիսյանները կտեղեկացնեն իր` զորամասը լքելու մասին հրամանատարությանը:

Սակայն, այս վարկածը ինչպես նաեւ տրամադրվող այլ մանրամասներ շատերին ոչ միայն անընդունելի այլեւ խիտ անտրամաբանական են թվում` առաջ քաշված բազմաթիվ հարցականների եւ տրամաբանական հարցերի կողքին:

  • Ըստ պաշտոնական հաղորդագրության, Վալերի Պերմյակովը գիշերը ժամը 4-ին  իրեն ամրակցված ԱԿ տեսակի ավտոմատով լքել է զորամասը` քաղաքում «ման գալու նպատակով»: Գյումրին հայտնի է իր ցրտաշունչ եղանակով: Ըստ Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների, հունվարի 12-ին Շիրակի մարզում գիշերն արձանագրվել է մինուս 17-20 աստիճան ցուրտ: Չիտայից Գյումրի տեղափոխված Պերմյակովի համար նույնիսկ պիտի որ այս ցուրտն անտանելի լիներ:  Ավետիսյանների տունը ռազմաբազայից գտնվում է շուրջ 3-4 կմ հեռավորության վրա, այդ տարածքն այս եղանակին անցնելուց հետո, Պերմյակովը, ըստ խոստովանության, ծարավել է, եւ որոշել է մտնել տուն եւ ջուր խմել: Նա նաեւ նշել է, թե գնդակահարել է Ավետիսյաններին, քանի որ վախեցել է, թե հրամանատարությանը կտեղեկացնեն իր` զորամասից հեռանալու մասին: Սակայն սա եւս  շատ զարմանալի է, քանի որ տարիներ շարունակ  ռուսական ռազմաբազայի զինվորները թակում են գյումրեցիների դռները` սնունդ, հաց, սիգարետ խնդրում: Գյումրեցիների լավ վերաբերմունքի եւ հյուրասիրության  մասին խոսում են ոչ միայն Գյումրիում, այլեւ Հայաստանից դուրս:  «Վ Կոնտակտե» սոցիալական ցանցում Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի պաշտոնական էջում նախկին ծառայողները բազմաթիվ գրառումներ ու քննարկումներ են ծավալել այդ թեմայով: Ուստի առաջ քաշված այդ տեսակետը ամենեւին էլ խելքին մոտ չէ:
  • Վաղ առավոտյան հնչած կրակոցները, որին զոհ են գնացել ընտանիքի բոլոր անդամները,  հարեւանները զարմանալիորեն չեն լսել: Հայաստանի քաղաքներում ինչպիսին Գյումրին է, մարդիկ իրար լավ են ճանաչում: Հարեւանները հաճախ են այցելում իրար: Սպանվածներին հայտնաբերել է տան տիկնոջ՝ Հասմիկ Ավետիսյանի զարմուհին, ով ապրում է հարեւանությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել է մի պահունակ պարկուճ: Խլացուցիչ չի եղել: Չափազանց հետաքրքիր է, որ կրակոցները ըստ երեւույթին չեն լսել եւ զոհերը: Երեք տարբեր ննջասենյակներում քնած Ավետիսյանների մարմինները հայտաբերվել են անկողիններում: Առավոտ ծեգին, «Կալաշնիկովի»  կրակահերթերն ըստ երեւույթին չեն արթնացրել միջանկյալ մուտքերով կողք կողքի երեք  ննջասենյակներում քնածներին, ինչը չափազանց կասկածելի է:  Շատ տարօրինակ է, որ ձայները չեն արթնացրել նույնիսկ փոքրիկ Սերյոժայի մորը` Արաքսյա Պողոսյանին: Փոքրիկ երեխա ունեցողները շատ զգայուն են եւ արթնանում են ամեն մի ձայնից ու չխկոցից: Զարմանալի է, որ մարդասպանին հաջողվել է անծանոթ տան մեջ անխափան կողմնորոշվել` չնայած մթին եւ առանց վրիպելու ուղիղ կրակել զոհերի ուղղությամբ:

«Սա աբսուրդ ա էնքան, աբսուրդ, որ մանկահասակա երեխան չի կարող հավատա: մարդիկ քնած` մտել ա գնդակահարել ա, անկողիններում,-հունվարի 14-ի ասուլիսում հայտարարել է քրեագետ Սերգեյ Գալոյանը,- վաղը ինչ պիտի սարքեն, որ ես հավատամ դրան»:

Նա հայտարարել է, որ խելքից դուրս է հավատալը, որ առանց խլացուցիչը մի պահունակ դատարկեն, եւ ոչ մեկ չլսի, երբ առավոտյան նույնիսկ մի բան գցես գետնին հարեւանները կլսեն:

«Այս ամենն աբսուրդ է , ինձ հավատացրեք, որ հավատամ,-նշել է նա:  

  • «Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկները, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը, ինչպես նաև ԱԿ-74 ինքնաձիգը, 5. 45 միլիմետր տրամաչափի պարկուճներ և մեկ պահունակ` փամփուշտներով»,-նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Պերմյակովի «այցեքարտերը» մի խոսքով հայտնաբերվել են ամենուր:  Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Պերմյակովին պատկանող հագուստը` ծալած դասավորած: Ավելին, նրան հաջողվել է անձայն սպանդ իրականացնելուց հետո բավականաչափ ժամանակ ունենալ փոխելու շորերը, տանից հափշտակելու 6000 դրամ գումար, եւ երեք բջջային հեռախոս եւ հեռանալ Ավետիսյանների տնից` հակառակ ուղղությամբ: Բավականին ինքնավստահ պահվածք մի մարդու համար, ով ընդամենը մեկ ամիս էր գտնվում Գյումրիում, եւ ով ըստ տեղեկությունների` մտավոր հետամնաց է: 16 կմ ճանապարհ, ըստ պաշտոնական աղբյուրների նա անցել է ոտքով, սակայն, ոչ ոք նրան չի տեսել:

Նախկին օմբուդսմեն. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Ալեվերդյանը հայտարարել է, թե առհասարակ կասկած ունի, թե Պերմյակովը դուրս է եկել 102-րդ բազայի տարածքից:

«Այն ամենը ինչ կատարվել է մի հոգու անելիք չէ, եթե նրա հագուստ եւ իրերը հայտնաբերվել են դեպքի վայրում չի նշանակում, թե այդ պատմությունը, որ պատմում են հավաստի է,- նշում է նա, ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Որևէ մեկը չի հիմնավորում, թե ինչպես է Պերմյակովի հագուստը, կոշիկներն ու զենքը հայտնվել հանցագործության վայրում: Սրանք մութ հարցեր ենք, որոնք պետք է իրենց պատասխանները ստանան»,-նշել է նա:

  • Պերմյակովը լքել է Ավետիսյանների տունը զգեստափոխվելով եւ հագնելով տանտիրոջ որդու`սպանված Արմեն Ավետիսյանի շորերից:  Ի դեպ, Պերմյակովին ոչ մեկ չի տեսել, ոչ Ավետիսյանների տան ճանապարհին, ոչ էլ դրանից հետո, երբ նա լքել է տունը եւ դեպի հայ-թուրքական սահման քայլել շուրջ 16 կմ: Հայաստանում, ուր լրատվական կայքերը եւ հեռուստաեթերը ողողված է ավտովթարների, հանցագործների ձերբակալությունների եւ տեսանյութերով, (գոյություն ունի նաեւ անկողիններում սպանված Ավետիսյանների ընտանիքի տեսանյութը),  որեւէ փաստ եւ ապացույց, թե ինչպես են ձերբակալում Պերմյակովին գոյություն չունի:
  • Պերմյակովի` հոգեկան խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները սկզբում մի պահ եւս շրջանառության մեջ դրվեց, հաշվի առնելով այն անտրամաբանական բացատրությունը, որը նա իբր թե տվել էր Ավետիսյանների տանը կատարվածի համար: Թեեւ առ այսօր որեւէ տեղեկություն չկա Պերմյակովի դատաբժշկական փորձաքննության արդյունքների մասին, այնուամենայնիվ, Պերմյակովի պաշտպանությունից հրաժարված Թամարա Յայլոյանը նշել էր, թե նրա հետ շփումից նման տպավորություն ընթացքում չի ստացել:

«Բոլորովին հոգեկան հիվանդի տպավորություն չէր թողնում: Նա հարցերին պատասխանում էր հակիրճ, հանգիստ, բայց հարցաքննության ընթացքում երբեմն քնում էր, երևի հոգնածությունից պատճառով»,- Aysor.am –ին տված հարցազրույցում նշել է Յայլոյանը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հավաստմամբ, Պերմյակովին որպես հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձ ներկայացնելն ունի հստակ նպատակ. Եթե վերջինս դատական գործընթացի շամանակ փորձի ներկայացնել այնպիսի փաստեր, որ չեն ուզում հրապարակվի, կամ կարող է բացահայտել իրականությունը, փորձեն կոծկել:

«Որպես արգումենտ օգտագործեն, թե բա «հիվանդ մարդ է, հիվանդ երևակայության հետևանք է..»,-նշում է նա,-այսքան պրիմիտիվ, ու այսքան ցինիկ միայն պուտինյան արդարադատությունը կարող է ունենալ…»

Հիշեցնենք, որ չնայած հասարակական մեծ բողոքին, Պերմյակովը գտնվում է ռուսական արդարադատության ներքո եւ այդպես էլ հայկական կողմին չհանձնվեց:  Պերմյակովի` օլիգոֆրենիայի մասին հայ իրավապահները այս պահին տեղեկություններ չունեն: Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով ՀՀ քննչական կոմիտեին: Ըստ աղբյուրի, հայկական կողմի հարուցած քրեական գործի շրջանակներում Վալերի Պերմյակովը առայժմ դատաբժշկական փորձաքննություն չի անցել:

Սա, եւս շատ տարօրինակ է, հաշվի առնելով, որ դեպքը տեղի է ունեցել ուղիղ 24 օր առաջ:

© Medialab.am