Եվրամիությունը շատ կարևոր հայտարարություն է տարածել հայ գերիների հարցով. Նիկոլ Փաշինյան

Բոլորիս համար ամենացավոտ խնդիրը գերեվարված քաղաքացիների խնդիրն է և հայտնի է, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը չի կատարում, և կարող ենք արձանագրել, որ այս փաստն  արդեն դառնում է միջազգային օրակարգի հարց։ Երեկ Եվրամիությունը շատ կարեւոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ և հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում, անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, կարևորն այն է, որ ԵՄ հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչը քաղաքական հայտարարությանն ավելացնում է իրավական կոմպոնենտ:

«Վերջին շրջանում միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարևոր է և մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համբերատար և հետևողական, և այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը: