Այսօր Մոսկվայում սպասվում է Փաշինյանի և Պուտինի հանդիպումը

Այսօր Մոսկվայում սպասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների իրականացման ընթացքը:

Երկու երկրների ղեկավարներն անդրադառնալու են նաև տարածաշրջանի խնդիրների լուծման հետագա քայլերին, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցին:

Բացի այդ, նրանց հանդիպման ժամանակ կքննարկեն նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերությունները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն միավորումներում գործակցության հեռանկարները:

Ռուսական կողմի պահանջով Փաշինյանը մինչև հանդիպումը մեկուսացել էր՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: