ԿԽՄԿ ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին. Զառա Ամատունի

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները  դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված  Ռաշիդ Բեգլարյանին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` նշելով, որ  իրենք տեղյակ են, հետևում են դեպքին և այս պահին իրենց  լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր  են  ձեռնարկում այս հարցում որոշակի առաջընթաց ապահովելու համար:

Զառա Ամատունին նշեց, որ Ադրբեջանի  կողմից մեկ այլ ձերբակալվածին՝  Վագիֆ Խաչատրյանին ԿԽՄԿ պատվիրակները այցելել են ձերբակալման նույն օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան:

«Մեր  պատվիրակները, որոնց թվում էր նաև մեր բժիշկը, Բաքվում տեսակցել են Վագիֆ Խաչատրյանին՝ ըստ մեր ընթացակարգերի, որպեսզի տեղեկանան որպիսության մասին, ստուգեն առողջական վիճակը  և ծանոթանան պահման պայմաններին»,-ասաց Ամատունին: