Նաիրի Հունանյանի և Արման Բաբաջանյանի 2 ժամ տևած զրույցը չի ձայնագրվել . Factor.am

Նաիրի Հունանյանի և Արման Բաբաջանյանի 2 ժամ տևած զրույցը չի ձայնագրվել . Factor.am
Նաիրի Հունանյանի և Արման Բաբաջանյանի 2 ժամ տևած զրույցը չի ձայնագրվել . Factor.am

Այս տարվա հոկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացրած խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանին և նրա հետ ունեցել աննախադեպ՝ 2 ժամ տևողությամբ զրույց։

Թե՛ ինքնին հանդիպման փաստը, թե՛ դրանից հետո Բաբաջանյանի արած հայտարարությունները փոթորկեցին քաղաքական դաշտը։ Մասնավորապես, պատգամավորը փոխանցեց Հունանյանի որոշ հայտարարություններ, որոնք կապված էին ահաբեկչության դրդապատճառների հետ, իսկ Factor.am-ի հետ զրույցում էլ հայտարարեց, որ Վազգեն Մանուկյանը մասնակցել է Նաիրի Հունանյանի իրագործած ոճիրի ձևավորմանը:

«Զրույցի ընթացքում Վազգեն Մանուկյանի անվան մի քանի հիշատակումը, նրա հանդիպումներից ոգևորված փաստի արձանագրումը Նաիրի Հունանյանի կողմից, ուղղակի ինձ համար համոզիչ է դարձնում, որ Վազգեն Մանուկյանը կարևոր դերակատարություն է ունեցել Նաիրի Հունանյանի  տրամադրությունների ձևավորման գործում»,- ասել էր պատգամավորը, որը դիմել էր ՀՀ վարչապետին՝ Հանրային խորհրդի նախագահի  պաշտոնից Մանուկյանին պաշտոնանկ անելու պահանջով։ Հունանյանի  հետ հանդիպումից հետո իր արած հայտարարությունները կասկածի տակ դնողներին ի պատասխան պատգամավորն  ասաց, որ   զրույցը տեղի է ունեցել ՔԿՀ ղեկավարի մասնակցությամբ և, ըստ ամենայնի, ձայնագրվել է։ Factor.am-ը գրավոր դիմեց ԱՆ քրեակատարողական ծառայություն՝  նախ  Հունանյանի հետ հարցազրույցի, ապա և՝ Արման Բաբաջանյանի ու Նաիրի Հունանյանի զրույցի ձայնագրության ամբողջական կամ մասնակի տրամադրման խնդրանքով։

ՔԿԾ-ից, սակայն, ստացանք ուշագրավ պատասխան․ պարզվեց, որ  քրեակատարողական ծառայությունը չի ձայնագրել ահաբեկչության պարագլուխ Հունանյանի և պատգամավորի միջև կայացած այս բացառիկ զրույցը: «Նաիրի Հունանյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպման ձայնագրություն տրամադրելու Ձեր խնդրանքը հնարավոր չէ բավարարել ձայնագրության բացակայության պատճառով»,- ասված է ՔԿԾ պատասխանում։ Հավելենք, որ  ավելի վաղ ՔԿԾ ուղարկած հարցման պատասխանից պարզել էինք, որ Արման  Բաբաջանյանը վերջին 1 տարում Նաիրի Հունանյանի հետ հանդիպման համար դիմած միակ պատգամավորն է։ Նրանից բացի  հանդիպման համար դիմել էին երեք լրատվամիջոց, այդ թվում եւ՝ Factor.am-ը, որոնց հետ, ըստ ՔԿԾ-ի, Հունանյանը հանդիպելու ցանկություն չի ունեցել։