Օգտագործելու ենք բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար. Փաշինյան

Հայաստանն օգտագործելու է բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարվա մայիսի իրադարձություններից հետո հայկական կողմը հանդես էր եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկով: «Ես կարծում եմ՝ հետագա իրադարձություններն ապացուցեցին, որ զորքերի հայելային հետքաշման և սահմանային գծի երկայնքով միջազգային մոնիթորինգ իրականացնելու հարցն իր հրատապությունն այս իրադարձություններով ապացուցեց: Երեկ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում նաև նման առաջարկություն է հնչել՝ դիտարկել դելիմիտացիայի և դեմարկացիայի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը՝ հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եվ կարծում եմ, որ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական իրագործման խնդիրներից մեկը: Եվ մենք օգտագործելու ենք բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈւ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ իհարկե ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել դիվանագիտական, քաղաքական եղանակներով, սակայն, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում: «Եվ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը՝ բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար, նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնել շարունակելով»,-ասաց վարչապետը:

Այս խնդրի գործնական իրագործման համար վարչապետը շատ կարևոր համարեց տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային ճիշտ պատկերացում ձևավորելը: Այս առումով նա նախորդ օրվա Հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի նիստը բավականին արդյունավետ համարեց՝ նշելով, որ ոչ միայն Հայաստանի, այլ նաև անդամ մի շարք երկրների կողմից հնչեցին գնահատականներ իրադրության վերաբերյալ, որոնք ճշգրիտ համընկնում են Հայաստանի մոտեցման հետ: