Ի՞նչ է միջանցքը, ո՞ւմն է այն և ինչո՞վ է վտանգավոր

Արեգ Քոչինյանը

Հայաստանցի ընթերցողին արդեն տևական ժամանակ է՝ տեղեկատվական ահաբեկչության են ենթարկում «միջանցք» բառի գործածմամբ: Փորձենք հասկանալ, թե ի՛նչ ասել է միջանցք, «պարզաջրենք» մի քանի միֆեր և հասկանանք, թե ի՛նչ վտանգներ է պարունակում իրավիճակը։

Միջանցքը արտատարածքային, այսինքն՝ բոլոր կողմերից որևէ պետության տարածքի մեջ գտնվող, բայց օտար պետությանը պատկանող նեղ տարածքն է կամ որևէ հատուկ (տարբերվող) կարգավիճակ ունեցող ցանկացած ճանապարհը։ Այստեղ, խնդրում եմ՝ հատկապես ուշադրություն դարձնել երկրորդ հատվածին, և միանգամից անդրադառնանք առաջին միֆի «պարզաջրմանը»։

Առաջին միֆը միջանցք հասկացությունը պարտադիր կապում է արտատարածքայնության սկզբունքի հետ։ Այո՛, պատմության մեջ հայտնի միջանցքները մեծ մասամբ ունեցել են արտատարածքայնության սկզբունք, բայց դա պարտադիր պայման չէ։ Հիմա, կոնկրետ մեր պարագայում՝ տարածքային հարց չի քննարկվում և կարծես թե երբեք էլ չի քննարկվել։ 

Հարավային Կովկասում հիմնական ազդեցության բևեռը շարունակում է մնալ Ռուսաստանը, և, այո՛, անգամ թուլացող կամ թուլացած Ռուսաստանը գրեթե ամբողջական վերահսկողություն ունի Հարավային Կովկասում ընթացող գործընթացների, այն էլ՝ այս մասշտաբի գործընթացների վրա։ Եվ, ուրեմն, միջանցք հնարավոր է միայն այն պարագայում, եթե այդ միջանցքը ձեռնտու է Ռուսաստանին։ 

Ռուսաստանին կարող է ձեռնտու լինել միայն ռուսական միջանցքը։ Ռուսական միջանցքն էլ, բնականաբար, չի իրագործվի արտատարածքայնության սկզբունքով, քանի որ, նախ՝ չկա դրա կարիքը, երկրորդ՝ չկա Ռուսաստանի հետ ցամաքային կապը։ 

Ռուսական միջանցքը կիրագործվի ֆունկցիոնալ իմաստով, այսինքն՝ այդ ճանապարհի կամ, եթե կուզեք՝ ենթակառուցվածքների համալիրի վրա Ռուսաստանը կունենա որոշակի որոշիչ ու վերահսկող ներկայացվածություն։

Սրա մասին են փաստում նաև մամուլում շրջանառվող որոշակի արտահոսքերը, որոնց պաշտոնական հերքում չի արձանագրվել։ Ընդ որում՝ այդ ներկայացվածության անգամ ամենափոքր քննարկվող ձևաչափը, ասել է թե՝ բեռներն ու մարդկանց ուղեկցող խմբում մեկ ռուսաստանցի սպայի առկայությունը նույնպես բավարար է ճանապարհը ռուսական միջանցք կոչելու համար։ 

Մեկ ռուսաստանցի սպան մեր իրականությունում բավարար է արդյունավետ վերահսկողության կամ համակարգման մասին խոսելու համար։ Ամեն խմբում մեկ ռուսաստանցի սպայի առկայությունը նշանակում է, որ հենց նա է իրականում որոշելու՝ բեռն անցնո՞ւմ, թե՞ մնում է։ Եթե սրան գումարում ենք այն, որ նմանատիպ կարգավորում չի նախատեսվում Ադրբեջանում, ապա իրավիճակն ավելի ամբողջական է դառնում։ 

Ստացվում է, որ Հայաստանում ճանապարհները բացվում են մի ռեժիմով, իսկ Ադրբեջանում՝ մեկ ուրիշ։ Ընդ որում՝ Հայաստանի ճանապարհների բացման ռեժիմը հստակ ենթադրում է, որ դրանցից ադրբեջանցիները կօգտվեն, իսկ հակառակ պարագայում՝ ոչ այնքան։ Սա միջանցքային տրամաբանության առկայության հերթական առհավատչյան է։

Ուրեմն Իրանի, Արևմուտքի կամ հայաստանյան «ընդդիմության» ուշացած հայտարարությունները կամ ֆոտոշարքերը ու արտատարածքային միջանցքը բացառող հավաստիացումներն ու կարմիր գծերն ընդամենը դատարկ տեղը դիվիդենտ հավաքելու փորձեր են։ 

Միֆ են ադրբեջանական կամ թուրքական միջանցք հասկացությունները, սեղանին դրված է և քննարկվում է միայն ռուսական միջանցքը, այն էլ՝ միայն ֆունկցիոնալ ձևաչափով։ Այս միֆերը երկրի ներսում «տաքացվում» են նաև իշխանությունների կողմից, որ ռուսական ֆունկցիոնալ միջանցքը դիտարկվի որպես չարյաց փոքրագույն, ու այդ զիջումն ընդունելի լինի հասարակության համար։ 

Ավելին՝ կանխատեսելի է, որ իշխանություններն ու նրանց ենթակա վերլուծական կենտրոններն անելու են ամեն ինչ, որ ռուսական ֆունկցիոնալ միջանցքն այդպես չկոչվի, ու դրա առկայությունը համարվի հաղթանակ։ Հաշվի առնելով «ընդդիմության» կախվածության աստիճանը Ռուսաստանից՝ մենք հազիվ թե տեսնենք դրան լուրջ ընդդիմացում քաղաքական դաշտում։ Արդյունքում՝ Հայաստանը Ռուսաստանին տալու է միջանցք, բայց՝ ներքին կարգով ու առանց աղմուկի։

Հիմա գանք այս ամենի վտանգներին. դրանք առավել էական են ընդհանուր պատկերի տրամաբանության մեջ։ Հայաստանի ինքնիշխան պետականության հարատևության համար կա թվերով, քանակական ու որակական տվյալներով ամրագրված միայն մեկ իրատեսական վտանգ՝ դա Ռուսաստանն է ու Հայաստանի կախվածության հետզհետե աճող մակարդակը Ռուսաստանից։ Ռուսական միջանցքի իրացումը կլինի այդ կախվածության խորացման հերթական արարը։ 

Եթե մաքսիմալ տրիվիալացնենք՝ երբ մենք Արցախը թուրքերից «փրկում» ենք՝ ռուսներին տալով, կամ միջանցքը թուրքերից «փրկում» ենք՝ ռուսներին տալով, մենք իրականում ոչինչ էլ չենք փրկում, այլ սպանում ենք Հայաստանը։

Արեգ Քոչինյան

MediaLab.am