Գերիների վերադարձի հարցը պետք էր լուծել մինչև խաղաղության թղթի նախաստորագրումը, այլապես ճանապարհները վերանում են․ Սահակյան

Լուսանկարը՝ AUA.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, Նիկոլ Փաշինյանը իր վերջին ուղերձի ժամանակ ասաց, թե Բաքվում պահվող հայ ռազմագերիների թեման առանձնացրել են խաղաղության գործընթացից ու անջատ են աշխատում այդ հարցի լուծման ուղղությամբ: Այդ որոշումը դուք ինչպե՞ս եք գնահատում, և որքա՞ն արդյունավետ կարող է լինել այդ հարցով առանձին զբաղվելը:

– Նշեմ, որ գերիների վերադարձի հարցերը կարգավորվում են անհապաղ կերպով հրադադարին, զինադադարին առնչվող որևէ պայմանավորվածություն ձեռք բերելիս, ու առաջնահերթորեն լուծման ենթակա խնդիրը հենց այդ հարցն է, որպեսզի ռազմագերիներն ազատ արձակվեն: Այլ հարց է, որ այս պայմանավորվածությունը խախտվել է, ու արդեն 2020 թվականից հետո նոր նման դեպքեր են արձանագրվել, ու, իմ գնահատմամբ՝ սրանք հատուկ մշակված ծրագրեր են եղել, որոնց նպատակը մեծաթիվ հայերի ադրբեջանական բանտերում անազատության մեջ պահելն է եղել: 

Հարցը, բնականաբար, պետք է լուծվեր մինչև խաղաղության վերաբերյալ թղթի նախաստորագրումը կամ ստորագրումը, բայց եթե չկա դա, ու պայմանագրում դրան անդրադարձ չի կատարվում, ստացվում է, որ այդ հարցի լուծման ճանապարհներն են սեղմվում, վերանում, հատկապես որ նախաստորագրված համաձայնագիրն ունի հստակ դրույթ, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվում են արդեն եղած միջպետական հայցերից ու պարտավորվում են, որ ապագայում այլ հայցեր չներկայացնեն: Իսկ հայցերից հրաժարվելու պայմաններում՝ գերիների վերադարձի իրավական հիմքերի բացակայության պայմաններում, խնդիրն առավել քան բարդանում է, երբ  ստորագրվելիք պայմանագրում այդ մասին կետ էլ չկա: 

Այսպիսով, այդ խնդրի լուծումը հայտնվում է բացառապես Ադրբեջանի հայեցողության տիրույթում, այդտեղ կողմերը ընդունում են, որ այդ հարցը երկկողմանի ճանապարհով լուծման ենթակա հարց չէ, Ադրբեջանի ներքին խնդիրն է, կարծես թե, ու նա իրեն հարմար պահի, իրեն ձեռնտու հանգամանքներում կարող է լուծումներ ապահովել, որոնք առաջին հերթին բխելու են հենց իր շահերից: 

Ես իհարկե չեմ բացառում, որ խնդիրը լուծվի ամերիկյան կողմի ներգրավվածությամբ, քանի որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց հենց ԱՄՆ միջնորդության ներքո, ու նաև 23 հայերի վերադարձն առաջին հերթին բարձրացնելու է Թրամփի անձնական հեղինակությունը, ու նաև խաղաղության համատեքստում կամրապնդի նրա նկրտումներն ու արդյունավետությունը: 

– Արցախահայության վերադարձի մասով էլ Հայաստանի իշխանության ղեկավարը նշեց, որ իրատեսական չի համարում, որ այդ մասին խոսակցությունները խանգարում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը: Այս պարագայում ի՞նչ լծակներ են մնում, որ արցախահայությունը կարողանա պաշտպանել իր վերադարձի ու սեփականության իրավունքը:

– Այդ տեսակետը խիստ ազնիվ է ու արտացոլում է իրականությունը. Ադրբեջանը իրապես հետաքրքրված չէ արցախահայերի վերադարձով ու որևէ անվտանգային արժանապատիվ միջավայր չի ապահովելու նրանց վերադարձի համար, քանի որ 2023 թվականին տեղի ունեցածը հենց բռնի տեղահանում էր, որի քաղաքական նպատակը հենց հայերի հետքերը այդ տարածաշրջանից մաքրելն էր: 

Այլ հարց է, որ Ալիևը, դա չընդունելով, շարունակում է պնդել ադրբեջանցիների վերադարձի մասին դեպի Հայաստան, որ վերնագրվում է իբրև Արևմտյան Ադրբեջան: Այս հարցով, ի դեպ, Ադրբեջանը բոլոր մակարդակներով գերակտիվ է, ու միջազգային օրակարգն իրենք լցրել են հենց այս թեմայով, ինչը հասկանալի է, որ ներառում է նաև տարածքային պահանջատիրություն իր մեջ: Սրան հակառակ՝ արցախահայության վերադարձի իրավունքը որևէ կերպ չի դառնում միջազգային օրակարգ Հայաստանի պետական քաղաքականության շնորհիվ: 

– Տիկի՛ն Սահակյան, ստացվում է՝ միջոցներ, այլ մեխանիզմներ չե՞ն մնում, եթե իշխանությունը նման քաղաքականություն է որդեգրում:

– Դա, կարծում եմ, պետք է դառնա ինքնուրույն խնդիր արտաքին քաղաքական դիվանագիտական օրակարգում, դա համաձայնագրից դուրս հարց է, որը պետք է ինքնուրույն լուծում ստանա միջազգային հարթակներում: Բայց այս պարագայում արդյունավետությունը ցածր է, քանի որ, ասացի, պրոակտիվ քաղաքականություն չկա այդ առումով, ավելին՝ այն շատ կարևոր է նաև ադրբեջանական թեզերը հակակշռելու համար, հակառակ պարագայում մենք միջազգային օրակարգերում ունենում ենք միայն ադրբեջանցիների վերադարձ այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am