Այսուհետև տեխզննության կենտրոններում վարորդներից պահանջելու են կատալիզատորի առկայություն, հակառակ դեպքում մեքենան տեխզննում չի անցնի

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է խիստ վերահսկողական մեխանիզմներ սահմանել ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի (կատալիզատոր) ապամոնտաժման նկատմամբ: Արդյունքում՝ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության երկու՝ N 955-Ն և N 1565-Ն որոշումների մեջ փոփոխությունների նախագիծ, որն առնչվում է հենց կատալիզատորներին:

Ըստ այդմ՝ մեքենաների տեխզննության կայաններում ավտոմեքենաների չեզոքացուցիչների առկայությունը լինելու է պարտադիր, որպեսզի դրանք անցնեն տեխզննություն: Եթե դրանք չլինեն, մեքենան տեխզննություն չի անցնի: Սակայն այս որոշումը տարածվելու է 2020-ից հետո Հայաստան ներմուծված մեքենաների վրա:

Այս անհրաժեշտությունը, ըստ ամենայնի, բխում է ոչ թե երկրում օդի աղտոտվածությունը նվազեցնելու մեծ ցանկությունից, այլ ԵԱՏՄ կանոնակարգումներից, քանզի Հայաստանում տարիներ շարունակ դաշտը բարձիթողի վիճակում է, և խնդրին ուշադրություն չի դարձվել: Կատալիզատորները հանվում են մեքենաների վրայից ու թանկ վաճառվում: Ավելին, այն մեքենաները, որոնք ունեն կատալիզատորներ, վաճառվում են համեմատաբար բարձր գներով:

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանն ասում է՝ Հայաստանի համար ուժի մեջ է մտել անվավոր տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջների մասին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը:

«Փաստաթղթում, որն ուժի մեջ է մտել 2020 թվականին, հստակ ամրագրված է, որ տրանպորտային միջոցները, որոնք ներմուծվում ու շահագործվում են ԵԱՏՄ տարածքում, պետք է պարտադիր ունենան վնասակար նյութերի չեզոքացման համակարգ»,- «Մեդիալաբին» ասում է նախարարության պաշտոնյան:

Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ երբ վարորդը իր մեքենան տանում է տեխզննության կայան ստուգման, ապա այս փոփոխություններով պարտադիր պահանջ է դրվում, որպեսզի անպայման ստուգվի նաև կատալիզատորի առկայությունը մեքենայի վրա:

«Այս փոփոխություններով պահանջ է դրվում տեխզննության կայանների առաջ՝ պարտադիր ստուգել չեզոքացուցիչների առկայությունը և սարքինությունը: Այսինքն՝ կարող է համակարգը լինել, բայց սարքին չլինել: Եթե այդ համակարգը չլինի, ապա մեքենան ավտոմատ տեխզննություն չի անցնում, և դրա շահագործումը չի թույլատրվում»,- ներկայացնում է Ավետիսյանը:

Հատկանշական է, որ մինչև 2020 թվականը ներմուծված ու կատալիզատոր չունեցող մեքենաների համար նման պահանջ չի ներկայացվում: Հարցին՝ եթե նախաձեռնության նպատակը օդի աղտոտվածությունը նվազեցնելն է, ինչո՞ւ այս պահանջը չի տարածվում բոլոր մեքենաների վրա, պաշտոնյան պատասխանում է. «Իրավունքի տեսանկյունից մենք չենք կարող պարտադրանքը տարածել արդեն ներմուծված մեքենաների վրա, քանի որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը այն ժամանակ պարտադիր չի եղել»:

Բայց նախարարությունում հույս ունեն, որ վարորդները բարեխիղճ կլինեն ու հեշտորեն չեն որոշի ազատվել կատալիզատորներից, որոնք նվազեցնում են մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները:

MediaLab.am