ՀԱՊԿ-ը հաստատել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը. Factor

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատում է Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով։ Այս մասին Մինսկում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:Այս մասին հայտնում է Factor.am-ը,հղում անելով  ՏԱՍՍ-ին։

«Կրկին, ինչպես հայտարարվել էր Հավաքական անվտանգության խորհրդի անցած նոյեմբերի նիստում, մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ Երևանին հնարավոր բոլոր օգնությունները տրամադրել՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելով, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների պատրաստման ու նրանց ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցնելու միջոցով»,- ասել է նա։

Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար տարիների հակասությունների պատճառով առաջացած լարվածությունը Հարավային Կովկասում պահպանվում է, գրանցվում են զինված բախումների բռնկումներ։ «Իհարկե, մենք ողջունում ենք հակամարտող կողմերի ջանքերը՝ ուղղված համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքմանը»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։