Թաթարստանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի պատճառով 16 մարդ Է զոհվել

ՌԴ ԱԻՆ աշխատանքային խումբը՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի գլխավորությամբ կմեկնի Նաբերեժնիե Չելնի՝ L-410 ինքնաթիռի կործանումից հետո օգնության ցուցաբերումը համակարգելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի ԱԻՆ աշխատանքային խումբը՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանի հետ կմեկնի Նաբերեժնիե Չելնի։  Աշխատանքային խմբի կազմում են Ռուսաստանի ԱԻՆ-ի կենտրոնական ապարատի աշխատակիցները, հոգեբանները, «Ցենտրոսպաս» ջոկատի բժշկական բրիգադը»,-ասել են մամուլի ծառայությունում:

Կիրակի առավոտյան ժամը 9-ի սահմաններում Թաթարստանի Մենզելինի շրջանում կոշտ վայրէջք է կատարել ԴՕՍԱԱՖ-ի L-410 ինքնաթիռը։  Օդանավում եղել են երկու օդաչուներ եւ 20 պարաշյուտիստներ։  

Ինքնաթիռն ընկել է տեղական աերոակումբի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։  Գործակալության զրուցակցի տվյալներով ՝ ինքնաթիռը մեկ կիլոմետրից մի փոքր ավելի է անցել։

Կործանումից առաջ L-410 ինքնաթիռի օդաչուները զեկուցել են ձախ շարժիչի խափանման մասին։