Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում, սակայն ԱՄՆ կառավարության քաղաքականությունը գնահատում է որպես թշնամական։ Այս մասին նա ասել է MS Now-ին տված հարցազրույցում։
«Առաջին հերթին՝ մենք ամերիկյան պետությանը և ամերիկացիներին թշնամի չենք համարում։ Սակայն ԱՄՆ կառավարության քաղաքականությունն Իրանի նկատմամբ գնահատում ենք որպես թշնամական», – նշել է Արաղչին՝ հավելելով, որ Թեհրանը տեսնում է Իրանի շուրջ ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնում։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ էին ընթանում, երբ 2025 թվականի ամռանը հարվածներ հասցվեցին Իրանին և երկրի միջուկային օբյեկտներին։
«Մենք ամերիկյան վարչակազմի հետ շփումների դրական փորձ չունենք։ Այն պահին, երբ այդ ընկալումը փոխվի, երբ հասնենք լավ արդյունքի և ունենանք համաձայնագիր, որը կհարգվի ինչպես ԱՄՆ վարչակազմի, այնպես էլ ամերիկյան ժողովրդի կողմից, կարծում եմ՝ իրավիճակը կսկսի փոխվել։ Ամեն ինչ կախված է հակառակ կողմից», – ասել է նա։
Դիվանագետը հավելել է, որ եթե իրանցի ժողովրդի հետ խոսեն հարգանքով, ապա իրենք նույն կերպ կպատասխանեն։
«Եթե մեզ հետ խոսեն ուժի լեզվով, մենք նույն կերպ կարձագանքենք։ Իրանցիները հպարտ ժողովուրդ են։ Մենք պատասխանում ենք այն ժամանակ, երբ մեզ հարգանք են ցուցաբերում։ Եթե այդպես վարվեն, արդյունքը տեսանելի կլինի», – նշել է Իրանի արտաքին գործերի նախարարը։



















