Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բոլորովին պատկերացում չունի, թե ինչպես պետք է կառուցի կայուն, հաստատուն Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից ստացած տպավորությունները․

«Այսօր ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարի հետ փակ հանդիպման ժամանակ տեղեկացա, որ Հայաստանը արցախյան խնդրի կարգավորման, կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացի համար հիմք ընդունում մադրիդյան սկզբունքները։

Հիշեցնեմ, որ այդ սկզբունքներն են՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից խուսափումը, պետությունների տարածքային ամբողջականությունը, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշումը։

Այս երեք սկզբունքներից առնվազն երկուսը իրագործվել են՝ Ադրբեջանը Թուրքիայի և վարձկանների մասնակցությամբ ուժ է գործադրել, պատերազմ է սկսել, վերադարձրել է և վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և իր պատկերացմամբ լուծել է տարածքային ամբողջականության շրջանակներում Արցախի կարգավիճակի հարցը։

Հայկական կողմը ինչպե՞ս կարող է ապավինել մադրիդյան սկզբունքների այն համալիրին, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ոտնահարվելով՝ անվտանգություն ապահովելու փոխարեն ամբողջությամբ դարձել են Արցախի, Հայաստանի և տարածաշրջանի համար սպառնալիքի աղբյուր։

Երկրորդ ամենակարևոր հարցը վերաբերում է Արցախի ճանաչմանը։

Հայաստանը այս հարցը կապում է նոր ռեգիոնալ էսկալացիա թույլ չտալու հետ։ Սա ուղղակի անհեթեթ ու անհամոզիչ փաստարկ է, որովհետև առանց Արցախը ճանաչելու էլ այդ պատերազմի սպառնալիքը մնում է խիստ ակտուալ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բոլորովին պատրաստ չէ, պատկերացում չունի, թե ինչպես պետք է կառուցի կայուն, հաստատուն և երկարաժամկետ հարաբերություններ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, մյուս գործընկերների՝ Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։ Առավել ևս տպավորություն ստացա, որ հարևանների հետ հարաբերությունների մասով ևս ոչ մի նոր մոտեցում չունենք»։