«Եթե մենք կրեդիտների դերը մեծացնենք, առաջանալու են կոռուպցիոն ռիսկեր». Սերոբ Խաչատրյանը՝ նոր ներդրվող համակարգի մասին

2022-2023 ուսումնական տարվանից միջնակարգ դպրոցներում ներդրվելու է կրեդիտային համակարգ, ըստ որի չափվելու են աշակերտների ուսումնառության արդյունքները։ Համակարգի նպատակը սովորողների՝ հանրակրթությունից նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ անցումն առավել դյուրին դարձնելն է։ Ավագ դպրոցում կուտակած կրեդիտների շնորհիվ աշակերտները հնարավորություն կունենան բուհ ընդունվելու։ 

«Գաղափարն ունի դրական կողմեր, սակայն խնդիրներ ևս կան։ Սա որոշակի մեխանիզմ է, որպեսզի աշակերտի մեջ առաջանա սովորելու մոտիվացիա, որովհետև նա կարող է այն առարկան, որն անցել է ավագ դպրոցում, բուհում այլևս չանցնել։ Սակայն, կարծում եմ, երբ գաղափարի մակարդակից անցնում ենք դրա իրականացմանը, առաջ են գալիս բազմաթիվ խնդիրներ»,- «Մեդիալաբին» ասում է կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դպրոցը պետք է մշակի դասընթաց, որը հաստատվելու է բուհի կողմից, հետևաբար այս պարագայում հարց է առաջանում՝ քանի՞ դպրոց կարող է նման ծրագիր մշակել, արդյոք բուհերը դա կճանաչե՞ն, քանի որ եթե ճանաչումն այդքան հեշտ լինի, ապա համալսարանները կարող են կորցնել դասախոսներ, ժամաքանակներ։ Մյուս կողմից, նրա դիտարկմամբ, ուսուցիչներին վճարվելո՞ւ է այդքան բարձր աշխատավարձ, չէ՞ որ բուհի մակարդակի դասընթաց մշակելը բավականին բարդ գործ է։

Նա մեկ այլ խնդիր էլ է մատնանշում՝ բուհի մակարդակի դասընթացներ մշակող ուսուցիչների թիվը շատ չէ, հետևաբար այս նախագիծը կարող է նպաստել նաև երեխաների միջև անհավասարության առաջացմանը։

«Օրինակ՝ եթե երեխան սովորում է Հայաստանի որևէ հայտնի դպրոցում, և այդտեղ կա ուսուցիչ, որը դասավանդում է նաև համալսարանում, այդ ուսուցիչը հեշտությամբ կարող է մշակել նման դասընթաց, որը կճանաչվի համալսարանի կողմից։ Իսկ, օրինակ՝ գյուղական դպրոցներում ուսուցիչները կարո՞ղ են նման դասընթաց մշակել, դա այդքան էլ հեշտ չէ, ուստի անհավասար պայմաններ են առաջանում գյուղի և քաղաքի աշակերտների միջև»,- նկատում է նա։ 

Փորձագետի պնդմամբ՝ այդքան էլ խելամիտ չէ՝ այն առարկան, որն աշակերտն անցել է դպրոցում, բուհում այլևս չուսումնասիրելը, քանի որ նա դասընթացն առավել լավ կյուրացնի՝ լսելով և՛ ուսուցչին, և՛ դասախոսին։

Հարցին, արդյոք այս նորամուծության ներդրմամբ կրթության որակը կբարձրանա, Սերոբ Խաչատրյանն պատասխանում է․

«Չեմ կարծում, որ շատ կբարձրանա: Ընդանրապես այս կարգի փոփոխությունները բավականին հնչեղ են լինում։ Այժմ բուհերում ներդրված է կրեդիտային համակարգ, սակայն ի՞նչ է այն մեզ տվել, ընդամենը փոխվել են հաշվարկման ձևերը։ Հիմա արդեն նույն ձևական բանն էլ կլինի դպրոցում, և եթե մենք կրեդիտների դերը մեծացնենք, առաջանալու են կոռուպցիոն ռիսկեր»։ 

Նրա խոսքով՝ նաև ուսուցիչների աշխատավարձը վերանայելու անհրաժեշտություն կառաջանա, քանի որ ճիշտ չի լինի բուհի մակարդակի դասընթաց մշակող և վարող ուսուցչին 45 րոպեի համար ընդամենը 800 դրամ վճարել։

Սերոբ Խաչատրյանը նշում է, որ չկան կրեդիտների կուտակման գործընթացը վերահսկող մեխանիզմներ. «Երբ երեխան անցնում է ինչ-որ դասընթաց և հավաքում բարձր բալեր, մենք ինչպե՞ս ենք ստուգելու դրանց իրական լինելը, քանի որ հնարավոր չէ ամեն ինչ վերահսկել»:

Նրա կարծիքով, նախագիծը դեռ մանրամասն քննարկման կարիք ունի, մասնավորապես՝ պարզ չէ, թե ինչպե՛ս է տեղի ունենալու այդ դասընթացների ճանաչումը, ի՛նչ չափանիշներով և այլն: «Իհարկե, շատ բաներ այլ փաստաթղթերում էլ կամրագրվեն, ասենք՝ ընդունելության քննությունների կարգում, որոշ բաներ նաև արդեն հանրակրթության պետական չափորոշիչներում է ամրագրված, այդուհանդերձ, այս կարգը մանրամասն իրականացման պլան է պահանջում»,- ասում է Սերոբ Խաչատրյանը։

Մերի Մաթևոսյան

MediaLab.am