Այսօր մեր կյանքը՝ սոցցանցերից մինչև ոչ ամբողջական ընտանիքներ, չի նպաստում, որ անձը որպես զինվոր կայանա ու նոր գնա բանակ. Արշակ Գասպարյան

Բանակում գրանցվող մահվան դեպքերն ամբողջական վերլուծության կարիք ունեն, որովհետև դրանց պատճառները մեկը կամ երկուսը չեն: «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը՝ անդրադառնալով բանակում 2018 թվականին արձանագրված մահվան դեպքերի վիճակագրությանը:

«Մահվան դեպքերի պատճառները կարող են տարբեր լինել, քանի որ բանակ է գնում նաև այն երիտասարդը, որը օրեր առաջ ոտքով խփում էր պաշտպանության նախարարության պետհամարանիշով մեքենային: Սա հասարակությունում մեր բարձիթողի վիճակն է, կրթվել է պետք, նորմալ երկրներում դժվար է նման բան պատկերացնել»,- «Մեդիալաբին» ասում է Արշակ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ բանակում մահվան դեպքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ բանակում դեռ անելիք ունենք: 2018 թվականին ծառայության հետ կապված 38 դեպքերից 12-ը՝ մոտ 32 տոկոսը, կապված են սպանության ու ինքնասպանության հետ: Ինքնասպանության դեպքերը ևս պետք է ամբողջական վերլուծության ենթարկվեն:

Գլխավոր դատախազության հրապարակած վիճակագրության համաձայն՝ ՀՀ զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում  2018 թ. ընթացքում արձանագրվել է 63 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 27-ը՝ ժամկետային զինծառայող, 23-ը՝ պայմանագրային, 2-ը՝ ենթասպա և 11 սպա:

63 զինծառայողներից 38-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 25 զինծառայողինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:

Զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան դեպքերի պատճառները հետևյալն են՝ 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանության, 11-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, 3-ը՝ հիվանդությունից, 1-ը՝ ականի պայթյունից, 1-ը՝ սպանության հետևանքով, 3-ը՝ դժբախտ պատահարից, 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներից,
2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով, 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտման հետևանքով:

Ըստ վիճակագրության՝ բանակում մահվան դեպքերը նվազել են. 2017 թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում արձանագրվել էր 76 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 56-ն էին զինվորական ծառայություն անցնելու հետ կապված:

Արշակ Գասպարյանն անդրադառնում է այն պատճառներին, որոնց հետևանքով կարող են բանակում մահվան դեպքեր գրանցվել: Հետևյալ իրավիճակն է՝ մի մասով մենք հասարակությունից բարքեր ենք տանում բանակ, մյուս մասով էլ բանակում ինչ-որ գործոններ արդեն կան:

«Մենք հասարակությունից բանակ ենք տանում նաև այն տղաներին, ովքեր չունեն ամբողջական ընտանիքներ, այդ ընտանիքներում կամ կանայք, կամ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնած լինում: Ամբողջական ընտանիքի բացակակայությունը ևս գործոն է, որը կարող է ազդել անձի զարգացման վրա: Ի վերջո, վարքի ձևերը պայմանավորված են մեր անձնային զարգացմամբ: Եվ այս իմաստով, կարծում եմ՝ մի մասով դերակատարում ունի հասարակությունը այն իմաստով, թե ում ենք ուղարկում բանակ»,- ասում է նա:

Բանակի ղեկավարությունը, մասնագետի խոսքով, պետք է լուրջ հետևություններ անի ստեղծված իրավիճակից: Իհարկե, բանակը փակ համակարգ է, բայց, նրա խոսքով, բանակում պետք է լիներ կրիմինոլոգների և հոգեբանների մի խումբ, որը կաշխատեր պատերից ներս իրավիճակների վերլուծությամբ:

«Ես դատախազության և ՊՆ-ի կայքերում չեմ տեսել, թե բանակում ինքնասպանության հակումները կամ սպանությունները որ դեպքերում և որտեղ են արձանագրվել: Օրինակ՝ դրանք արձանագրվել են մարտակա՞ն դիրքերում, թե՞ զորամասում: Այդ դեպքերը գրանցվում են զորանոցո՞ւմ, բոլորի աչքի առաջ, թե՞ ճաշարանում հատուկ թաքնված մի սենյակում, որտեղ իրեն որևէ մեկը չի տեսնի: Եվ, ի վերջո, որքան էլ արժանին մատուցենք մեր սպաներին, բայց սպան այլ կերպ է տեսնում և այլ նպատակ է տեսնում զինվորի մեջ, որը շատ բնական է: Նա տեսնում է կռվողի, որոշակի իմաստով՝ ագրեսիվ մեկին, որը պետք է այդ ագրեսիվությամբ պաշտպանի սեփական հողն ու երկիրը: Բայց կարծում եմ՝ մենք դեռևս չունենք հոգեբանների և հատկապես վարքային ուղղությամբ աշխատող հոգեբանների և կրիմինոլոգների այն խումբը, որը կկարողանար բանակի ղեկավարությանը տեղյակ պահել այն գործոնների մասին, որոնք ծնում կամ կարող են ծնել քրեական վարքագիծ: Ավելի շուտ, վարքագիծը վերջում է երևում, որ քրեական դարձավ, բայց մենք նախ պետք է տեսնենք նորմայից բարձր կոնֆլիկտայնությունը, ագրեսիվությունը և այդպես շարունակ: Այսինքն՝ սրանք հետազոտություններ են, որ որքան էլ բանակդ լինի պրոֆեսիոնալ, որքան էլ զենք ու զրահը լինի շատ լավը, ի վերջո, դրանցով պետք է կրակեն այդ մարդիկ»,- նշում է Արշակ Գասպարյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ չեն սիրում քայլել կամ շարժվել դրված կանոնների համաձայն: Մարդիկ չեն սիրում, երբ այլ մարդիկ կանոններ են սահմանել ու իրենց դնում են այդ կանոնների մեջ: Սա կենցաղում էլ է այդպես, և հաճախ անձի վարքի մեջ կարող ենք տեսնել փոփոխություն, բայց ոչ հանցավոր: Բայց բանակը, ինչպես նաև քրեակատարողական և այլ փակ հաստատությունները ունեն բաղադրիչներ, որոնք ազդում են անձի ճանաչողական պրոցեսների հետաճի վրա:

«Եվ դա հարկադրանքն է, ծառայելու պարտադիր կոմպոնենտը, դա օրվա կանոնակարգվածությունն է, որին պետք է սովորի մեր զինվորը, որը երեկ ուղղակի դրսում խաղացող տղա էր և այսօր հանկարծ հայտնվեց բանակում: Եվ այս երևույթներին մեր պատկան մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն: Այս նույն բաներն ասում ենք բանտերի վերաբերյալ, ուղղակի բանտերում շատ ավելի խորն է գնում անձի դեգրադացիան: Դա նաև անձնային տարածքի բացակայությունն է, դու վեր ես կենում մի զորանոցում, շփվում ես միևնույն մարդկանց հետ, և որքան էլ արձակուրդներ կան, ի վերջո, քո օրն անցնում է միևնույն մարդկանց հետ, ում դո՛ւ չես ընտրել: Դու միևնույն է, պարտադրված ես հարաբերվել այդ նույն խումբ անձանց հետ: Եթե նույնիսկ մենք նորագույն սպառազինություն ունենանք, ամեն դեպքում սա գործոնների հավաքածու է, որը կարող է և ազդում է անձի հետաճի վրա: Թե ում մոտ ինչ տեմպով կանդրադառնա՝ այլ հարց է»,- ասում է Գասպարյանը։

Փակ տարածությունները, Արշակ Գասպարյանի խոսքով, մարդուն խոչընդոտում են լավ ճանաչել աշխարհը, և դա է պատճառը, որ երիտասարդները նախ՝ պատրաստ չեն բանակ գնալուն, իսկ բանակից հետո էլ պատրաստ չեն հասարակությունում ապրելուն:

Ըստ մասնագետի՝ կարևոր է նաև հարցը, թե ինչպե՛ս է սպայական անձնակազմը պատրաստ սովորեցնելու զինվորին: Մենք զինվոր չենք դաստիարակում ու ուղարկում բանակ, մեր կյանքն այսօր սոցցանցերից մինչև ոչ ամբողջական ընտանիքներ, որևէ կերպ չի նպաստում, որ անձը որպես զինվոր կայանա ու նոր գնա բանակ: Եվ, ի տարբերություն այլ երկրների, որտեղ կա պրոֆեսիոնալ բանակ, և բանակ գնալը մարդու ցանկությամբ է, մեր սպաների վրա դրվում է կրկնակի բեռ՝ այս անձանց ծանոթացնել բանակի նիստուկացին, բանակ երևույթին առհասարակ, հետո նոր սովորեցնում են ավտոմատից կրակել: Այսինքն՝ ըստ մասնագետի, մարդուն նախ պետք է պատրաստել, հետո ուղարկել բանակ:

«Եվ կարծում եմ, որ մենք շատ անելիք ունենք ոչ միայն և ոչ այնքան արդեն բանակ զորակոչվածի հետ, որքան դեռ բանակ չզորակոչված անձանց հետ, առնվազն վերջին մեկ կամ կես տարվա ընթացքում, նախքան անձը կդառնա զորակոչիկ: Այսինքն՝ հանցավոր վարքը կանխարգելելու իմաստով մենք շատ անելիք ունենք: Էլ չեմ խոսում այն մասին, որ շատ լուրջ պետք է վերաբերվել հոգեբանների ու կրիմինոլոգների խմբերի աշխատանքին: Զորամասը չպետք է ունենա մեկ հոգեբան ու վերջ, ամբողջ հոգեբանների խումբ պետք է աշխատի դիագնոստիկ բլոկի վրա, այսինքն ՝ կարողանա հասկանալ այս ամբողջ ռիսկերի խումը, իսկ մի խումբ հոգեբաններ էլ պետք է աշխատեն հենց զորամասերում»,- ասում է նա:

Եվ հոգեբաններն ու կրիմինոլոգները բանակում պետք է սերտ աշխատեն դաստիարակչական գծով հրամանատարի տեղակալների հետ, որպեսզի կարողանան հասկանալ, օրինակ՝ արդյոք այս գիշեր արժի՞ այս վաշտի հետ Պողոսին ուղարկել մարտական դիրքեր, թե՞ոչ: Միգուցե հոգեբաններն ասեն՝ այս մի խմբի հետ թող չգնա, մյուս խմբի հետ գնա, բայց սրա մասին պետք է պրոֆեսիոնալ կարծիք հայտնեն մասնագետները:

«Բանակում հավանաբար կասեն՝ ինչի մեր սպան չգիտի՞, հազար տարվա փորձ ունի: Բայց, կրկնում եմ, մի բան է, երբ սպան է տեսնում վաղվա կռվող զինվորին, այլ բան է, երբ մասնագետը պետք է տա եզրակացություն»,- հավելում է Արշակ Գասպարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am