Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ Երևանում բանաստեղծություններ են ընթերցել հայ և օտարազգի գրողները

Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ մարտի 22-ին երջանկահիշատակ Լևոն Անանյանի անվան Գրողների պուրակում անցկացվել է գրական միջոցառում, որի շրջանակում հայերեն և օտար լեզուներով բանաստեղծություններ են ընթերցել ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ստեղծագործողները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պոեզիա կարելի է կարդալ և՛ տանը, և՛ դրսում, անգամ անձրևին և կայծակին, քանի որ պոեզիան այդ ամենն ապերցնում է: «Ցանկանում եմ, որ մեր ընթերցողներն ավելի շատ լինեն: Մեր երկրում, քաղաքում միշտ տիրել է պոեզիան. ընթերցել են, տարածել: Հայ ժողովուրդը դարեր ի վեր թարգմանել է տարբեր երկրների հեղինակների լավագույն ստեղծագործությունները և ներկայացնել հայ ընթերցողներին»,-շեշտել է նա:

Միլիտոնյանը հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի հետ տարբեր գրական, գեղարվեստական միջոցառումներ են կազմակերպում, և լավագույններից է Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված նախաձեռնությունը:

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանի խոսքով՝ պոեզիան պատմություն պատմելու լավագույն ժանրերից է: «Մենք բազմաթիվ պատմություններ հենց հանգավոր ենք ընդունել, ժառանգություն ստացել՝ «Գիլգամեշ»-ից սկսած, «Իլիական»-ով, «Ոդիսական»-ով ավարտված: Նմանատիպ միջոցառումներով փաստում ենք, որ պոեզիան լեզու է, որով տարբեր ազգերն ու մշակույթները հաղորդակցվում են: Այն վստահաբար սիրո լեզու է»,-շեշտել է նա:

Երգիչ, երգահան, բանաստեղծ Վախթանգ Հարությունյանն էլ նշել է, որ բանաստեղծությունը երկնքից կախված մարգարեություն է, որը ծանր իջնում է շատերի շուրթերից: «Այն, բեռ դառնալով, շատերի համար հետագայում ուղենիշ է դառնում: Հուսով եմ, որ ցայսօր գրվող շատ-շատ բառեր լուսավոր կլինեն, թե՛ մարգարեությամբ, թե՛ այն ամենով, ինչը պետք է ապրեցնի բոլորիս»,-ընդգծել է նա՝ կատարելով «Փոքրիկ հերոս» երգը:

Միջոցառմանն ասմունքել են բանաստեղծներ Հենրիկ Էդոյանը, Շանթ Մկրտչյանը և այլք: Օտար լեզուներով տարբեր ստեղծագործություններ են ընթերցել բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, ՀՀ վաստակավոր գործիչ, ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը, հնդկուհի դասախոս Սանտոշ Կումարին, վրացական մշակույթի դեսպան, բանաստեղծ, թարգմանչուհի Նինո Սպանդերաշվիլին, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա Հ/Կ-ի նախագահ Աննա Հարությունյանը և այլք:

Միջոցառումն ավարտվել է դասական երաժշտական ստեղծագործությունների կատարումներով:

Նախաձեռնությունն իրականացրել են Կենտրոն վարչական շրջանը և Հայաստանի գրողների միությունը: