Կադրային քաղաքականությունը տապալված է, իսկ պետական կառավարումը՝ ձախողված․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեք տարում՝ Ազգային Ժողովի 2 նախագահ, պաշտպանության 4 նախարար, ԱԱԾ 4 տնօրեն և ԱԱԾ 1 տնօրենի պաշտոնակատար, արտաքին գործերի 3 նախարար, 3 ոստիկանության պետ, ԶՈՒ Գլխավոր շտաբի 3 պետ, Պետական վերահսկողական ծառայության 3 ղեկավար:

Բացառությամբ Ազգային ժողովի նախագահի և պետական վերահսկողական ծառայության ղեկավարի, մնացած բոլոր պաշտոնյաներն ի պաշտոնե հանդիսանում են անվտանգության խորհրդի անդամներ, թեև ԱԺ նախագահը հրավիրյալի կարգավիճակով մշտապես մասնակցում է անվտանգության խորհրդի նիշստերին:

Որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի կարևորագույն պետական մարմին է անվտանգության խորհուրդը, հարկ եմ համարում արձանագրել, որ այն իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում և վերանայում, հաստատում է
ա. զինված ուժերի զարգացման պլանը,
բ. այլ զորքերի զարգացման պլանը,
գ. զինված ուժերի ծավալման պլանը,
դ. զինված ուժերի զորահավաքային պլանը,
ե. զինված ուժերի կիրառման պլանը,
զ. Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը,
է. քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը,
ը. զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների և դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը.

Բացի այդ, Վարչապետի առաջարկությամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ մինչև հասցնում են լիարժեքորեն ծանոթանալ իրենց աշխատասենյակին, ազատվում են:
Հենց նաև այս պատճառով է մեր անվտանգության մակարդկան այս աստիճան թուլացած ու վտանգված։

Եկեք ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը տապալված է, իսկ պետական կառավարումը՝ ձախողված… »։