Ալիևյան վարչակարգի համար պրոբլեմները գնալով ձնագնդի պես մեծանում են․ Փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է արևելագետ, հետազոտող Վարդան Բալյանը

– Պարո՛ն Բալյան, դուք ուսումնասիրում եք ադրբեջանական տեղեկատվական հոսքերը և վերջերս նկատել էիք, որ ադրբեջանական կողմը նախնական գրաված դիրքերի նահանջ ունի։ Խնդրում եմ՝ կներկայացնե՞ք ինչ է դա նշանակում։

– Ես մեկնաբանում եմ բացառապես ադրբեջանական տեղեկատվական հարթակներում հրապարակվող տեղեկատվությունը ՝ պաշտոնական և ոչ պաշտոնական, որոնց միջև հսկայական տարբերություն կա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու-երեք օրը մեկ հրապարակում է պաշտոնական ամփոփագիր՝ ռազմաճակատում առաջխաղացումների մասին։

Ուղղակի այդ տեղեկությունների համեմատությունների հիմքով, օրինակ՝ նոյեմբերի 2-ի և նոյեմբերի 4-ի միջև համեմատությունից պարզ է դառնում, որ հայկական կողմն ունի որոշակի դիրքային առաջխաղացում Ջրականի (Ջաբրայիլ) և Կովսական (Զանգելան) շրջանում, նշում են, որ Կուբաթլիում մեկ բնակավայր ավելի պակաս է, քան նոյեմբերի 2-ին, Թարթառի հատվածում նոյեմբերի 4-ին նշում են 2 բնակավայր ավելի պակաս, քան ամսի 2-ին, և Քարվաճառի հատվածում նշում են մեկ ռազմավարական նշանակության բարձունքի կորստի մասին, որը մինչ այդ նրանց տեղեկագրերում եղել է։ Ինչ վերաբերում է զոհերին, ապա դրա հետ կապված տեղեկատվությունը հիմնականում ոչ պաշտոնական է, սոցցանցային տիրույթից ու մի քանի բաց ռեսուրսներից ենք հավաքում զինծառայողների թաղումների մասին հրապարակումները։ Այդքանով հանդերձ պատերազմի հարցում կոնսենսուսը պահպանվում է։ 

– Այսինքն՝ ժողովուրդը պատերազմի հարցում աջակցո՞ւմ է իշխանություններին։

– Այս պահին, այո՛, կոնսենսուսը պահպանվում է։ Պետք է խոստովանել, որ այդ կոնսենսուսի ձևավորման համար ադրբեջանական պետական քարոզչամեքենան հսկայական ջանքեր է ներդրել առնվազն վերջին 27 տարիների ընթացքում։ Իմիջիայլոց, այս առումով մենք բավականին վատ ենք աշխատել և հնարավորություն ենք տվել միջէթնիկ կոնսենսուս ձևավորելու, ամուր կայացնելու համար։

Պարզ օրինակ ասեմ՝ ադրբեջանական բոլոր դպրոցների դպրոցական ծրագրերում ներառված է Խոջալուի դեպքերի հետ կապված դրվագը, որին բավականին մեծ ժամաքանակ է հատկացված, իսկ բոլոր դպրոցներում փակցված են Խոջալուի, այսպես կոչված, զոհերի լուսանկարները, որոնցում կան նաև երեխաներ։

Երեխան այնտեղ մանկապարտեզից սկսած մեծանում է հայատյացության քարոզով, նրանց մեծացրել են հետևյալ թեզով՝ 30 տարի հայերը մեր հողերը գրավել են, պահել, նրանք Մեծ Հայքի գաղափարներով են տարված ու վաղը-մյուս օրը կգան մեր հողերն էլ կգրավեն և այդպես շարունակ։ Այս պարագայում ինչպե՞ս կարող են չաջակցել պատերազմի գաղափարին։ 

– Դուք ասում եք՝ հանրության շրջանում պատերազմի գաղափարի շուրջ կոնսենսուս կա, բայց մեզ տեսանելի է սոցցանցային տիրույթում այդ կոնսենսուսը։ Այնտեղ հասարակ բնակչությունը, շարքային քաղաքացիները նույնպե՞ս պատերազմ են պահանջում։ Կա՞ նման հետազոտություն։

– Մեր դիտարկումները դեռ պատերազմի սկզբնական փուլի դիտարկումներ են, որոնք ցույց են տալիս, որ այդ երկրի բնակչության շրջանում բացարձակ կոնսենսուս կար։ Իհարկե, Ադրբեջանում կան առանձին անհատներ կամ խմբեր, որոնք ընդհանրապես պատերազմի են դեմ։

Բայց դրանց ձայնը որոշակի չէ։ Սակայն պետք է ընդգծեմ, որ արդեն պատերազմի ընթացքում խնդիրը սկսեց փոխվել, որը պայմանավորված էր ռազմաճակատում դինամիկայի զարգացմամբ։ Տեղեկատվական հոսքերի նկատմամբ խստացումներ եղան, բայց հայտնի է, չէ՞, որ խստացումն առաջ է բերում հետաքրքրություն տեղեկատվական այլընտրանքային հոսքերի նկատմամբ։

Միաժամանակ պետք է ընդգծել, որ հայկական տեղեկատվական դաշտը նրանց շրջանում վստահություն չի վայելում, ա՛յ եթե մենք կարողանայինք ստեղծել այնպիսի միջավայր, որ մեր հաղորդած տեղեկությունը արժանահավատ ու հավաստի ընկալվեր, նրանց մոտ հիմա շատ ավելի վատ վիճակ կլիներ։ Այդուհանդերձ, նույնիսկ նրանց մոտ հրապարակվող վերահսկելի տեղեկատվության տարածման պայմաններում ակնհայտ է, որ սկսում են բազմաթիվ հարցեր բարձրացնել և ավելի ու ավելի բարձր։ 

Պատերազմի նախապատրաստությունը նրանք սկսել են շատ վաղուց և իրենց հանրությանը սնել են այն մտքով, որ Հայաստանի բանակը չի զինվում, խայտառակ վիճակում է, Հայաստանում աղքատ են ապրում, բանակը զարգացած չէ։ Այդպիսով նրանք ուղերձ են հղել, որ կարող են շատ հեշտ ու հանգիստ հաղթել, ու արդյունքում ձևավորել են սպասումներ հանրության շրջանում։

Հիմա, երբ այդ հանրությունը չի ստանում սպասվածը ու շատ արագ, դրանք փլվում են։ Ավելին, այդ նույն հանրությանը ներկայացվել էր, որ Արդբեջանի բանակը ահռելի հզոր զինտեխնիկայով է զինվել։ Այդ պայմաններում պատերազմից 40 օր հետո, իրենց իսկ պաշտոնական հաղորդագրության համաձայն, իրենց ազատագրված տարածքները կազմում են իրենց խոսքով՝ օկուպացված տարածքների 21,7 տոկոսը։ 

Բնականաբար ավելի ուշադիր ընթերցողների մոտ, որոնք գնալով շատանում են, հարցեր են, չէ՞, առաջանում։ Ինչ վերաբերում է զոհերին, ապա մինչև հոկտեմբերի 19-ը զոհերի մեջ մեծ թիվ էին կազմում ազգային փոքրամասնությունները, հիմա այդ հարաբերակցությունը կտրուկ իջել է։

Այդ իջնելուն զուգահեռ Ադրբեջանում քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում, երբ կորոնավիրուսի անվան տակ կարանտինային խիստ սահմանափակումներ էին սահմանվում լեզգիական, թալիշաբնակ տարածքներում և մարդկանց թույլ չէին տալիս դուրս գալ քաղաքներից։

Ընդհանրապես, վերջին շրջանում զոհերի դինամիկան որ նայում ենք, ըստ տարածքային զինկոմիսարիատների զորակոչի, հիմնական ստորաբաժանումներում, որոնք մարտական գործողություններին են մասնակցում, առավելապես թուրքական բնակչություն ունեցող շրջանների զինծառայողներ են։ Դա նշանակում է, որ Ադրբեջանում էթնոտարածքներում մոբիլիզացիայի ու զոհերի մեծ քանակի խնդիր ունեն։ Այսինքն՝ կան որոշակի անուղղակի և ուղղակի հանգամանքներ, որոնք փաստում են, որ ալիևյան վարչակարգի համար պրոբլեմները իրենց վարչակարգի ներսում գնալով ձնագնդի պես մեծանում են։

– Պարո՛ն Բալյան, իսկ ինչպե՞ս են ընկալվում ահաբեկիչ գրոհայինների մասնակցության մասին տեղեկությունները, որոնք փաստորեն հաստատում են նաև գերտերությունները։ 

– Ադրբեջանական տիրույթում այդ մասին քիչ է խոսվում, և հիմնականում մեկնաբանվում են իրենց պաշտոնական դիրքորոշումները և իրենց նախագահի տեսակետը, որ մենք մեր հայրենիքի ազատագրման համար կարիք չունենք վարձկանների։ Գուցե այդ հանգամանքը մեզ համար միջազգային ասպարեզում աշխատելու շատ մեծ արդյունավետություն ունենա, բայց ադրբեջանական հանրույթի ներսում դա բացարձակ չաշխատող թեզ է։

Պատճառն այն է, որ այնտեղ բնակչության 90 տոկոսից ավելին այս պատերազմը ընկալում է որպես իր հայրենիքի համար պայքար։ Հողի համար պայքար։ Բայց կա նաև մի իրողություն՝ թուրքական ազդեցության կտրուկ աճը, իսկ դա ակնհայտ է նաև թուրքական դրոշների համատարած օգտագործման ֆոնի վրա, և թուրքական դրոշների քանակը ահռելի շատացել է այդ երկրում։

Սա որոշակի խնդիր է առաջացրել այդ երկրի ներսում այն առումով, որ ադրբեջանական պետության սուվերենիտետով մտահոգ մի զանգված սա շատ վատ է ընկալում։ Իրենց ինքնիշխանությունը, փաստորեն, տրվում է Թուրքիային։ Մեկ փաստ էլ՝ երկու օր առաջ պետական մրցույթների հրապարակած արդյունքների համաձայն՝ գնվել էր 6500 ադրբեջանական դրոշ և շուրջ 46 հազար հատ էլ թուրքական դրոշ։ Նոյեմբերի 9-ին նրանց մոտ ազգային դրոշի տոնն է։ Սա, իմիջիայլոց, բավականին լուրջ դժգոհության առիթ է բարձրացրել։ Այս կարգի փոքրիկ ցուցիչները ցույց են տալիս, որ որոշակի ընկալում է փոխվել։ Այնպես չէ, որ այնտեղ գոհ են Թուրքիայի այսչափ ներգրավվածությունից։ Բավականին լուրջ դժգոհություն կա։ Բայց քաղաքական դաշտում ունեն կոնսենսուս։

– Թուրքիայի ազդեցության հարցո՞ւմ։

– Բոլոր՝ և՛ Թուրքիայի ազդեցության, և՛ պատերազմի։ Բոլոր քաղաքական ուժերը այս երկրում պատերազմական օրակարգի շուրջ են միավորվել, ունեն բացարձակ համաձայնություն։ Երկու ուժ՝ Մուսավաթ և «Ազգային ճակատ» ուժերը չեն աջակցում, նրանք Ալիևի վարչակարգի համար անընդունելի են և մեծ հեղինակություն չունեն։ Բայց նաև պետք է հասկանալ, որ Ադրբեջանում քաղաքական համակարգը պրիմիտիվացվել է, և արդյունքում առաջացել են բացարձակ պետություն և քաղաքական համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Բայց մի լուրջ պրոբլեմ ունեն՝ Ալիևը հիմա փորձում է ստեղծել քաղաքական համատեղ ռիսկի գոտի, երբ նրա անկումը կնշանակի անկում բոլորի համար։ Հիմա Ալիևը փորձում է այդ գոտու շրջանակները ընդլայնել, որի մեջ կներառի բոլորին, որպեսզի հասկանալի լինի, որ այս պատերազմում եթե պարտվեցին, կպարտվեն բոլորը։ Այս դաշտի վրա պետք է աշխատել, ինչի արդյունքում Ադրբեջանի ներսում կձևավորվի ընկալում, որ ռազմի դաշտում պարտությունը լինելու է ալիևյան վարչակարգի պարտությունը։

– Իսկ ի՞նչն է նրանց համար պարտությունը, ո՞րը կլինի նրանց պարտությունը։ 

– Նրանց պարտությունը կլինի տարածքների վերադարձման խնդիրը լուծելու անհնարինությունը։ Բայց այստեղ խնդիրն այն է, թե ինչ ենք հասկանում մենք՝ հաղթանակ ասելով։ Մենք չենք ձևավորել մեր հաղթանակի բանաձևը։

Եթե մեր հաղթանակը զինադադարն է այն մարտական դիրքերում, որտեղ այս պահին կանգնած ենք կամ կանգնած կլինենք, օրինակ՝ երկու ամիս հետո, և դրանք կլինեն մեզ համար շատ ավելի շահեկան, քան Ադրբեջանի համար, դա ևս մեզ համար հաղթանակ չի կարող լինել։ Մենք այդպիսի դիրքերում կանգնած եղել ենք 94 թվականին։ Մենք մեր ներսում պետք է ձևակերպենք հաղթանակը՝ լավ, ո՞րն է մեզ համար հաղթանակ։ Իսկ իրենք ունեն, իրենք ձևակերպել են, որ իրենց հաղթանակը օկուպացված տարածքների ազատագրումն է և Ղարաբաղի վերադարձը։ Բայց Ղարաբաղը մերն էր, մերն է ու մերն է լինելու։

Դա մեզ համար հաղթանակի բանաձև չի կարող լինել, դա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել։ Այս պատերազմը պետք է ավարտել խաղաղությամբ, և դրա համար պետք է ձևակերպել հաղթանակի բանաձևը, մեխը։ Ցավոք սրտի, մեր ներսում այդ բովանդակային քննարկման փոխարեն գզվռտոց է։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am