Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի զինված ուժերի «մատները ձգանի վրա են»՝ պատրաստ արձագանքելու ցանկացած ագրեսիայի։
«Տասներկուօրյա պատերազմից քաղված արժեքավոր դասերը մեզ հնարավորություն են տվել արձագանքել ավելի հզոր, արագ և խորքային կերպով։ Միևնույն ժամանակ, Իրանը մշտապես ողջունել է փոխշահավետ, արդար և հավասար միջուկային համաձայնագիրը՝ հավասար հիմունքներով և առանց հարկադրանքի, սպառնալիքների ու ահաբեկման, որը ապահովում է Իրանի իրավունքները խաղաղ միջուկային տեխնոլոգիաների նկատմամբ և երաշխավորում է միջուկային զենքի բացակայությունը»,- գրել է Արաղչին X սոցիալական հարթակում։
Նա հավելել է, որ նման զենքերը տեղ չունեն Իրանի անվտանգության հաշվարկներում, և Թեհրանը երբեք չի ձգտել դրանք ձեռք բերել։



















