Մայր Աթոռը հյուրընկալել է հատուկ կարիքներով երեխաներին

Մայր Աթոռը հյուրընկալել է հատուկ կարիքներով երեխաներին
Մայր Աթոռը հյուրընկալել է հատուկ կարիքներով երեխաներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով դեկտեմբերի 25-ի երեկոյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել «Արևներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի սաները, «Մարի Իզմիրլյան» մանկատան հատուկ կարիքավոր երեխաները, «Ջերմիկ անկյուն» կազմակերպության 18 տարին լրացած մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անդամները և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցու հովանու ներքո գտնվող անապահով ընտանիքների զավակները` գլխավորությամբ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորներ Արժանապատիվ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանի և Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, շուրջ 250 մանուկների ու պատանիների և նրանց ծնողների ու խնամակալների այցելության կապակցությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակն ու «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տունը կազմակերպել էին հանդիսություն, որին ներկա է գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` կիսելով երեխաների ուրախությունը:

Հանդիսության ավարտին Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը, Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյանը և Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն իրենց խորին երախտագիտությունն են հայտնել Հայոց Հայրապետին` հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և հոգենորոգ տոների առիթով նրանց ուրախություն պարգևելու համար: «Արևներ» դաունի սինդրոմով երեխաների աջակցության կենտրոնի պատասխանատու Գրիգոր քահանան մասնավոր շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը` հանդիսության մասնակիցներին տեղեկացնելով, որ վերջերս Մայր Աթոռի կողմից Երևան քաղաքում անհրաժեշտ տարածք է հատկացվել կենտրոնի գործունեության համար:

Այնուհետև ներկաներին իր հայրական օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը` շնորհավորելով գալիք տոների առիթով և մաղթելով լավատեսական ոգով հայացքը ուղղել դեպի նոր տարին` հավատքով, որ Աստված Իր առատ օրհնությունները կհեղի նրանց կյանքից ներս:

«Այս գեղեցիկ առիթով կուզեմ իմ գնահատանքի խոսքն արտահայտել այն ծնողներին ու խնամակալներին, որոնք սիրով, հանձնառությամբ, զոհաբերության ոգով և բարձր գիտակցությամբ ամեն ջանք ի գործ են դնում, որ մեր զավակներին ուրախություն պարգևեն և լիարժեք կյանքի մասնակից դարձնեն նրանց», – ասել է Նորին Սրբությունը՝ կարևորելով նման կարիքներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքը:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է ուղղել  քահանա հայերին, որոնց իրենց հովվական առաքելության մեջ մասնավոր ուշադրություն են դարձնում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքների նկատմամբ՝ իրենց աշխատանքով ջանալով զորացնել նրանց հավատը և լավատեսության ոգին: Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել նաև գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին համար:

Բարի Ամանոր մաղթելով բոլոր մանուկներին, ներկա ծնողներին ու ընտանիքներին` Հայոց Հովվապետը հայցել է Երկնավոր Տիրոջից, որ Սուրբ Ծննդյան շնորհները զարդարեն նրանց կյանքի ընթացքը և շարունակեն ապրել Աստծով զորացած: «Իմացեք, որ Եկեղեցին ձեր կողքին է և ձեզ հետ է: Ձեր քայլերը միշտ ուղղեք դեպի եկեղեցի, որտեղ օրհնությունն է, որտեղ հրաշքն է գործում Աստծո միջոցով և հավատքի զորությամբ: Վստահ ենք, որ Աստված ձեր կյանքում նույնպես այդ հրաշքները պիտի կատարի», – պատգամել է  Հայոց Հայրապետը:

Հանդիսությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր օրհնությունն է  բաշխել յուրաքանչյուր մանուկին: