Փարաքարում հետագա հինգ տարիներին երեք խմբակցությունները համատեղ կառավարում կիրականացնեն

Փարաքար համայնքում «Ապրելու երկիրը», «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները որոշում են կայացրել հետագա հինգ տարիներին համատեղ կառավարում իրականացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանը:

«3 խմբակցությունները եկան այն եզրահանգման, որ հետագա 5 տարիների ընթացքում մենք պետք է ունենանք համատեղ կառավարում: Համատեղ կառավարման սխեման մենք կքննարկենք մեկ ժամվա ընթացքում: Մեր քայլն ուղղված է մեր համայնքում համերաշխություն, միասնություն եւ օրինակելի համայնք ձեւավորելու համար եւ մենք վստահ ենք, որ մեկ ժամ հետո կունենանք եռակողմ հայտարարություն մեր համայնքի եռակողմ կառավարման վերաբերյալ»,- ասաց Սարիբեկյանը:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուին՝ Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էր համայնքի ղեկավար: Ավագանու մնացած 11 անդամներն էլ համայնքապետ էին ընտրել «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանին:

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք։ Նույն օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշել էր անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները: