300 ֆեյք` ընդդեմ Արսեն Թորոսյանի

300 ֆեյք` ընդդեմ Արսեն Թորոսյանի

Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին աշխատանքից ազատելուց հետո մամուլում և համացանցում ապատեղեկատվության ալիք բարձրացավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։

«Դասական» ապատեղեկատվությունը

Նախ գրվեց, որ Թորոսյանը աթեիստ է, այնուհետև նախարարին անվանեցին թմրամոլների պաշտպան։ Խոսելով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի մասին՝ նախարարին վերագրեցին խոսքեր, որոնք նա երբեք չէր ասել, իսկ politik.am կայքը ապատեղեկատվություն տարածեց, թե իբր Թորոսյանն ասել է, որ տարեկան 360 երեխայի մահը նորմալ երևույթ է։

Այս ամենը հիմնականում տարածվել է Արա Մինասյանի որդու` Միքայել Մինասյանի անվան հետ կապվող լրատվականներով։ Ամենից շատը Թորոսյանի մասին ապատեղեկատվություն տարածեցին «Իրավունք» թերթը, «Արմենիա» հեռուստաընկերությունը և politik.am կայքը։

Ապատեղեկատվություն տարածվեց նաև Արսեն Թորոսյանի` զինվորական ծառայությունից ազատվելու վերաբերյալ։ Գրվում էր, որ Թորոսյանը բանակից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով, ինչը ֆեյսբուքյան ֆեյքերի միջոցով մեծ տարածում գտավ հայաստանյան ողջ վիրտուալ տիրույթում։ Այս առիթով Թորոսյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով և պատմեց, որ ծառայել է Արցախի գլխավոր շտաբում, հերթապահել է Ապրիլյան պատերազմի օրերին։ Նախարարը հրապարակեց նաև բժշկական տեղեկանք, համաձայն որի՝ զորակոչվելուց 10 ամիս անց դադարեցրել է ծառայությունը երիկամային հիվանդության պատճառով և ցուցադրեց այն դեղը, որն ընդունում է ամեն օր։

Հայտնի դարձավ նաև, որ news.am կայքը ապատեղեկատվություն է հրապարակել Թորոսյանի հոր մասին, ինչպես նաև գումար է ծախսել այդ նյութը համացանցում գովազդելու վրա։

Ֆեյքերը

Առողջապահության նախարարի դեմ մեդիաարշավն ընթացավ նաև Ֆեյսբուքում՝ մեծ քանակությամբ կեղծ օգտատերերի մասնակցությամբ։ «Փաստերի ստուգման հարթակը» Facebook-ում հայտնաբերել է 300 կեղծ հաշիվ, որոնք վերջին օրերին զբաղված են բացառապես Արսեն Թորոսյանի դեմ արշավով, որն սկսվել է Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց և նրան կոռուպցիայի մեջ մեղադրելուց հետո:

Այս մի խումբ ֆեյքերը բավականին նման են իրական օգտատերերի, քանի որ օգտագործում են իրական մարդկանց լուսանկարներ։ Այդ լուսանկարները պատկանում են մարդկանց, ովքեր նույնիսկ պատկերացում չունեն, որ իրենց անձնական տվյալներն օգտագործվում են Հայաստանում։ Որպես կանոն, նկարների իրական տերերը Վրաստանում են բնակվում:

Դիտարկելով այդ ֆեյքերի վերջին 2 ամսվա ակտիվությունը՝ տեսնում ենք, որ վերջիններս զբաղված են եղել բացառապես Թորոսյանին փնովելով, ինչպես նաև վերոգրյալ կայքերի հրապարակումների դիտելիությունը բարձրացնելով։ Այս օգտատերերը վերջին օրերին մեկնաբանել են բացառապես Թորոսյանին վերաբերող քննադատական հրապարակումները:

Օրինակ, Անահիտ Բաղդասարյան անունով ներկայացող օգտատիրոջ լուսանկարները պատկանում են Մոսկվայում բնակվող 24-ամյա Կրիստինա Խոշտարիյա օգտատիրոջը։

Հատկանշական է, որ ֆեյքերի այս խումբը մեծամասամբ օգտագործում է գայթակղիչ աղջիկների լուսանկարները՝ հավանաբար առավել մեծ լսարան և հետաքրքրություն ձեռք բերելու համար։ Այդպիսի օգտատերերից է Լիլիթ Համբարձումյանը:

 

Այս օգտատերը ներկայանում է ուկրաինացի Նինո Սուխուլիայի լուսանկարների ներքո, սակայն պարբերաբար հանդես է գալիս քաղաքական գրառումներով և հրապարակումներով։

Արսեն Թորոսյանի դեմ են գործել անգամ այնպիսի կեղծ օգտատերեր, ովքեր Ֆեյսբուքում ներկայացված են իբրև ամուսիններ։ Վերջիններս նույնիսկ երեխայի լուսանկարներ են հրապարակում՝ ցուցադրելով, թե ինչպիսի երջանիկ ընտանիք են։ Իրականում, սակայն, այդ լուսանկարները վերցված են Վրաստանում բնակվող մի ամուսնական զույգի հաշիվներից և օգտագործվում են քաղաքական քարոզչությունը քողարկելու նպատակով։

Ֆեյք օգտատերերի մասին առավել մանրամասն հրապարակումներ կլինեն առաջիկայում։ Որպեսզի ապատեղեկություններ տարածողները չփոխարինեն բացահայտված կեղծ հաշիվները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի հրապարակի 300 ֆեյքերի ամբողջական ցանկը, սակայն դրանց իրական ծավալների ապացուցման համար կներկայացնենք բացառեպես «Մ» տառով սկսվող ազգանուններով ֆեյքերի ցանկը (այն կգտնեք այստեղ):

Ռաֆայել Աֆրիկյան

Աղբյուրը՝ fip.am