Լևոն Տեր-Պետրոսյան. «Հայաստանը ժամանակ չունի, Հայաստանը սպառվում է»

Ընդդիմության առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր` հունիսի 23-ին, հարցազրույց է տվել ռուսական «Մոսկովսկիե նովոստի» թերթին: Ծավալուն հարցազրույցում Տեր-Պետրոսյանը խոսել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ԼՂ հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների մասին:
Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող լրագրողի հարցին ի պատասխան, թե այդ հարցը կարգավորելու ուղղությամբ ի՞նչն այնպես չի արել Սերժ Սարգսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Նա ամեն ինչ ճիշտ ու նորմալ է արել: Այդ հարցը պետք է մշտապես պահել օրակարգում…Գուցե դա մեզ դուր չի գալիս, բայց դա փաստ է` թուրքերը չեն գնա ոչ մի կարգավորման, մինչև չկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Լուծե´ք ԼՂ հիմնախնդիրը, և հաջորդ իսկ օրը կբացվի Թուրքիայի հետ սահմանը: Այլ հարցեր չկան»:

 

Այն հարցին, թե Դուք գիտե՞ք ինչպես լուծել ԼՂ հիմնախնդիրը, ընդդիմության առաջնորդը պատասխանել է. «Ես չեմ կապակցում իրար այս երկու հարցերը: Ղարաբաղի հարցը գոյություն ունի անկախ Թուրքիայի կամքից և ցանկությունից»:

«1998-ին մենք շատ մոտ էինք խնդրի կարգավորմանը: Սկզբից եղավ այդպես կոչված փաթեթային լուծումը: Դա եղել է մեր պաշտոնապես ստորագրված տեսակետը: Հետո բերեցին փուլային տարբերակը: Դա գրեթե նույն նախագիծն էր, ինչն այսօր դրված է բանակցությունների սեղանին` Մադրիդյան սկզբունքների տեսքով: Օկուպացված կամ, մեր տերմինաբանությամբ` ազատագրված տարածքների մի մասի վերադարձ, որի մեջ չէին մտնում Քելբաջարն ու Լաչինը, ղարաբաղյան նոր սահմանների ողջ երկայնքով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում և ճանապարհների ապաշրջափակում»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա նաև հավելել է, որ այն ժամանակ չէր բարձրաձայնվում, բայց ենթադրվում էր նաև «Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակի տրամադրում»: Այդ ընթացքում պետք էր պահպանվեին Լեռնային Ղարաբաղի բոլոր պետական մարմինները, այդ թվում` բանակը, ոստիկանությունը և այլն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պետք է ԼՂ ներքին գործերին խառնվելու որևէ փորձ չլիներ: Իսկ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի քննարկումը թողնվում էր ապագային:

Ըստ Հայաստանի առաջին նախագահի` միակ տարբերությունն այն ժամանակվա նախագծի և այսօրվա փաստաթղթի միջև հանրաքվեի անցկացման մասին գաղափարն է: Բայց այն, ըստ Տեր-Պետրոսյանի, դեռ ոչ մի բանով չի հաստատվել: Ավելին` ըստ նրա, հիմա այդ բառից սկսել են նահանջել և արդեն խոսում են պլեբեսցիտի, հարցման և այլնի մասին:

Խոսելով այն մասին, որ Ղարաբաղը այսօր բանակցային կողմ չէ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ դա հայկական դիվանագիտության հիմարագույն սխալն է, ճիշտ այնպես, ինչպես Ղարաբաղը բանակցությունների կողմ դարձնելը եղել է այն ժամանակվա հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումը: «1994 թվականին, հենց ՌԴ-ի օգնությամբ, մենք հասանք այն բանին, որ Ղարաբաղը` որպես երրորդ իրավահավասար կողմ, ստանա միջազգային մանդատ: Բանակցություններում ունեինք երկու հայկական կողմ, և մեկ ադրբեջանական կողմ: Իսկ հիմա ի՞նչ ունենք: Դա սկզբունքի հարց է: Չէ՞ որ մենք ԼՂ-ի ինքնորոշման կողմնակիցն ենք: Իսկ ո՞ւր է Ղարաբաղի ինքնորոշումն առանց Ղարաբաղի»,- ասել է ընդդիմության առաջնորդը:

Անդրադառնալով հետընտրական զարգացումներին` Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, թե 2008-ին ոչ մի հեղափոխություն էլ չի եղել: Ընդդիմության առաջնորդն ասել է, որ այն ժամանակ ինքը ուղղակի եկել էր նոր պլատֆորմով` տասը տարվա լռությունից հետո:

Ընդդիմության առաջնորդը խոսել է նաև իշխանությունների հետ երկխոսությունից. «Եթե նրանք կատարեցին քաղբանտարկյալներին ազատ արձակելու, Օպերայի մոտ հանրահավաքներ անցկացնելու համար թույլատվություն տալու, մարտիմեկյան սպանությունների կապակցությամբ քննություն սկսելու մեր պահանջները, դա նրանից չէր, որ նրանք վախեցան մեզանից, նրանք վախեցան իրավիճակից: Եթե չես կայացնում ինչ-որ որոշումներ, ապա հետո ավելի վատ կլինի, և նրանք ստիպված եղան գնալ այս զիջումներին»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Լրագրողի այն հարցին, թե «Դուք պահանջում եք արտահերթ ընտրություններ, որքանո՞վ է այն տրամաբանական հերթական ընտրություններից մեկ տարի առաջ, և եթե իշխանությունները գնան ըստ նախագծված օրակարգի, արդյո՞ք մտավախություն չունեք, որ հանրությունը կհոգնի քաղաքական պայքարից և արշավից, որը դուք չափազանց շուտ եք սկսել», Տեր-Պետրոսյանն արձագանքել է. «Դա երկու կողմ ունի: Հնգամյա պայքարն ավելի ուժեղ կարող է լինել, քան կես տարվա պայքարը: Մյուս կողմից` Հայաստանը ժամանակ չունի: Հայաստանը սպառվում է: Ես չեմ չափազանցում: Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանը լքել է 45 հազար մարդ: Սա պետք է լուծել որքան հնարավոր է շուտ: Կհաջողվի՞, թե՞ ոչ` չգիտեմ, դա ինձնից չի կախված, ոչ էլ Կոնգրեսից: Ամեն ինչ կախված է ժողովրդից, և ամեն ինչ տեղի կունենա նրա ճնշման տակ: Ես ոչ մի տեղ չեմ շտապում: Նրանք պետք է շտապեն, եթե գոնե մի քիչ մտածում են պետության և ժողովրդի մասին»:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am