Դավիթ Շահնազարյանի մանիպուլյատիվ ու կեղծ հայտարարությունները 168․am-ի եթերում․ fip.am

Ազգային անվտանգության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն ապրիլի 9-ին  168.am-ի Pressing հաղորդման եթերում հայտարարել էր, որ մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանից գործուղված դիտորդական առաքելությունները չեն թաքցրել, որ աջակցում են նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին:

Շահնազարյանը, մասնավորապես, նշել էր. «Այդ երկու կազմակերպություններն Արցախում էլ բացարձակապես ուրիշ խնդիր էին փորձում լուծել: Առաջին՝ անընդհատ նպատակաուղղած ստվերել, ցեխ շպրտել ընտրությունների վրա: Նրանք չէին էլ թաքցնում, որ իրենց նախընտրած թեկնածուն Մասիս Մայիլյանն է: Եվ այդ առաքելությունների գնահատականները որևէ կերպ հիմք ընդունել չի կարելի, որովհետև դրանք խիստ կողմնակալ էին»: 

Շահնազարյանը հավելել էր, որ ընտրություններում արձանագրված խախտումները ուռճացվում են: «Հիմնականում այդ խախտումները իրավական տիպի էին, կապված հիմնականում հանձնաժողովի անդամների ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի հետ, անփութության հետ, բայց ասելը, որ դրանք ազդել են ընտրությունների վրա, իրականությունից հեռու է և հետապնդում է բացառապես քաղաքական նպատակներ»,- ասել էր նա:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք հարցազրույցում հնչած այս և այլ պնդումները համապատասխանում են իրականությանը։

Դիտորդական առաքելությունները թեկնածուներից որևէ մեկին չեն աջակցել

Նշենք, որ Արցախում մարտի 31-ին կայացած ընտրություններին ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ դիտորդական առաքելություն են իրականացրել երկու կազմակերպություն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության «Ականատես» դիտորդական առաքելությունը։

Այս կազմակերպությունների անդամները երբևէ որևէ հայտարարություն չեն արել, որից կարելի է ենթադրել, որ նրանք սատարում էին նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի թեկնածությունը: Ավելին՝ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակավ հերքել էր, թե կազմակերպությունը աջակցում է որևէ թեկնածուի: «Մենք որևէ թեկնածուի չենք պաշտպանել, ընտրախախտումների մասին խոսելիս եղել ենք զուսպ ու չենք ասել, թե որ թեկնածուն է, ըստ մեզ, կանգնած դրանց հետևում: Բերեք գեթ մեկ օրինակ, թե ինչպես եմ ես (կամ մեր ղեկավար-թիմից որևէ մեկը) Արցախում պաշտպանել որևէ թեկնածուի, և ես երբեք այլևս ընտրությունների դիտորդություն չեմ անի»,- ասել էր նա:

Ինչ վերաբերում է «Ականատեսին», ապա առաքելության սկզբունքների շարքում է անկողմնակալությանը պահպանումը. ««Ականատեսը» գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (դաշինքի), թեկնածուի օգտին կամ դեմ»:

Այս կազմակերպության անդամները ևս հանդես չեն եկել Արցախի ընտրություններում որևէ ուժին սատարելու մասին հայտարարություններով:

Նշենք նաև, որ երկու կազմակերպություններն էլ հայտնել են ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին: 

Ըստ «Ականատեսի» նախնական գնահատականի՝ բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ «Ակնհայտորեն որոշ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, վերահսկվել է, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա»,— մասնավորապես, ասված է առաքելության նախնական գնահատականում։

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» նույնպես նկատել էր խախտումներ, որոնք ամփոփվել են կազմակերպության միջանկյալ գնահատականում:

Այսպիսով, Շահնազարյանի պնդումը, թե դիտորդական առաքելությունները չէին էլ թաքցնում, որ աջակցում են Մասիս Մայիլյանին, փաստացի սխալ է:

«Փաշինյանն էդպես էլ չի ասել, որ Ադրբեջանի կազմում Արցախը չի լինելու»

Շահնազարյանը հարցազրույցի ժամանակ խիստ քննադատության էր ենթարկել իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ ԼՂ հակամարտության հարցում:

Նա նշել էր, թե բանակցությունների ներկա ընթացքը ցույց է տալիս, որ գերակայությունը խաղաղությունն է. «Իմիջիայլոց, չեք նկատե՞լ, որ Փաշինյանն էդպես էլ չի ասել, որ Ադրբեջանի կազմում Արցախը չի լինելու»։

Սակայն իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել նման հայտարարություններով։ Այսպես, 2018 թ. սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանը ցանկանում է Ղարաբաղի տարածքն առանց ժողովրդի, ինչը նոր ցեղասպանության սպառնալիք է Ղարաբաղի ժողովրդի համար. «Ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար, Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»,- հայտարարել էր Փաշինյանը:

Բացի այդ, 2020 թ. փետրվարի 20-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Փաշինյանը նշել էր, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելը աբսուրդ է: «Արցախում միշտ ընտրությունների արդյունքներն ավելի վստահելի են եղել, քան Հայաստանում, և ասել, որ Արցախում ընտրությունները կարող են վտանգավոր լինել, դա անհեթեթություն է, որովհետև Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը ևս մեկ ապացույց է եղել, որ Արցախը կայացած պետություն է, և խոսել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, դա ընդհանրապես աբսուրդ է», — ասել էր նա:

Ավելին՝ 2019 թվականի օգոստոսին, աշխատանքային այցով գտնվելով Արցախում, Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ելույթով, որի ժամանակ հայտարարել էր. «Բայց ես ուզում եմ, որ մենք անուն առ անուն այդ մարդկանց հիշենք, որ ասենք, նույնիսկ կապ չունի աշխարհայացքային, երբեմն քաղաքական ինչ հարաբերություններ կան, մենք գնահատում ենք Հայաստանում և Արցախում քարը քարի վրա դնելու ամեն մի գործունեությունը, և ես ուզում եմ, որ մենք բուռն ծափերով ողջունենք բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հայրենիքում մի դրամի ներդրում են արել։ Եվ հետևաբար, հայկական կապիտալն ունի հայրենիք, որովհետև այդ կապիտալի տերերն ունեն հայրենիք, և այդ հայրենիքը Հայաստանն է, և Արցախը Հայաստան է և վերջ»:

Սա ապացուցում է, որ Շահնազարյանը մանիպուլացնում է, երբ հայտարարում է, թե վարչապետը երբեք չի նշել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի լինելու:

fip.am

Լուսինե Ոսկանյան