«Ալեն Սիմոնյանը ինքնահաստատվելու բարդույթ ունի, ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ինքը ԱԺ նախագահ է»․ Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանում այսօր տեղի ունեցածը։ Անվտանգության աշխատակիցներին նիստերի դահլիճ հրավիրելու անհրաժեշտություն կա՞ր։

– Երբ անվտանգության ուժերը մտնում են խորհրդարանի դահլիճ, այդ խորհրդարանը բարոյապես ոչնչացված կարելի է համարել, որովհետև նշանակում է, որ քաղաքական մշակույթն այնպիսի ցածր նշաձողի վրա է, որ քաղաքական գործիքակազմով հնարավոր չի լինում հասնել վեճերի, տարաձայնությունների հաղթահարմանը։

Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ինքնահաստատվելու բարդույթ ունի, ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ինքն ԱԺ նախագահ է։ Բացի անվտանգության աշխատակիցների դահլիճ մտնելուց, նաև չհասկացա, թե նրա անվտանգության ծառայության աշխատողներն ինչու անմիջապես հայտնվեցին նախագահության հետնամասում։ Երևույթը տհաճ է, քանի որ ոչ միայն քաղաքական ինստիտուտն է արժեզրկվում, այլ նաև պետական պահպանության ծառայության դերն է նսեմացվում։

Խորհրդարանի այս կազմը ճգնաժամի բանաձև է, քանի այս ԱԺ-ն շարունակի իր գործունեությունը, բոլորս կհամոզվենք, որ սա մի ճահիճ է, որն արագ տեմպերով հատակ է քաշում թե՛ գործող իշխանությանը, թե՛ նրա «ոխերիմ» ընդդիմությանը, ի դեպ, երկու կողմն էլ վարքագծով շատ նման են։ Ինչ տեսանք այսօր, հավատացնում եմ ձեզ, խորհրդարանում դա սովորական բնույթ է ունենալու։

– Իշխանությունն ու ընդդիմությունը միտումնավո՞ր են ընտրել այս գործելաոճը։

– Իրենք այլ բանի ընդունակ չեն։ Գործ ունենք անուղղելի պոպուլիստների՝ իշխանությանը նկատի ունեմ, և անցյալը ֆետիշացնող, իրենց ռևանշիստական օրակարգը ռեստավրացիայի ենթարկելու ցանկություն ունեցող ուժերի հետ։

Այսինքն՝ պոպուլիզմը հակոտնյա է ապագային, նախկին օրակարգը ևս հակոտնյա է ապագային, պարզ է, որ նման կոնֆիգուրացիայով ոչ թե միտումնավոր են անում, այլ այդ մարդկանց քաղաքական վարքագիծը ռացիոնալ արդյունք ստեղծելու պոտենցիալ չունի։

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ այս աշխատելաոճով քանի՞ տարվա կյանք կունենա 8-րդ գումարման խորհրդարանը։

– Այս խորհրդարանը կգոյատևի 1,5-2 տարի, և խորհրդարանը ճիշտ այն ժամանակ կդառնա ժամկետանց, երբ Նիկոլ Փաշինյանն իր արտաքին քաղաքական օրակարգը սպառի։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից բխող արտաքին քաղաքական օրակարգ ունի, որը դեռևս սպասարկված չէ, դրա համար էլ արտաքին աշխարհի կոնսենսուսով նրա իշխանությունը վերարտադրվեց։

Կիսատ գործերն ավարտելուց հետո այս խորհրդարանը կսպառի իրեն, կնշանակվեն արտահերթ ընտրություններ, ու այդ ժամանակ երկրում տեղի կունենա իշխանափոխություն։

– Այսինքն՝ նույն այդ արտաքին ուժերի կոնսենսուսով, ինչպես նշեցիք, Փաշինյանը կիսատ գործերն անելուց հետո հրաժարակա՞ն կներկայացնի։

– Հրաժարական չի տա, Նիկոլ Փաշինյանը ներքին ու արտաքին այլ առաքելություն  հիմա չունի։ Նրա անունն ասոցացվում է միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, երբ այդ փաստաթղթից բխող գործառույթներն ամբողջ ծավալով կիրականացնի, բոլորդ կհամոզվեք, որ ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքական օրակարգ սպասարկելու առոումով նա անելիք չունի։

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ խորհրդարանում լրագրողների աշխատանքները խոչընդոտելու իշխանության նպատակը ո՞րն է։

– Իշխանությունը վախենում է։ Իրենք գիտեն, որ առաջիկա ամիսներին իրենք ստիպված են լինելու, պարոն Պուտինի ասած, «ցավոտ, զգայուն, բարդ» լուծումների գնալու և դրանից բխող վախեր ունեն։ Այդ վախերը կառավարելի դարձնելու նպատակով սահմանափակում են լրագրողների գործունեությունը խորհրդարանում։ Այլ բացատրություն գոյություն չունի։

– Այսինքն՝ լրագրողների հարցերի՞ց են վախենում։

– Նախ՝ հարցերից, եթե կառավարող «խիստ ինտելեկտուալ» խմբակցության անդամներից մեկը «սեպտեմբեր» բառը երեք անգամ «սեկտեմբեր» է արտասանում, բնականաբար աշխատում են իրենց խմբակցությունից լրագրողներին հարյուրավոր մետրերով հեռու պահել, որպեսզի այդ անգրագիտությունը, պոպուլիստական «գոհարները» չարձանագրեք ու հանրությանը չներկայացնեք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am