British Petroleum-ը հեռանում է Ռուսաստանից

British Petroleum (BP) ընկերությունը կիրակի օրը փետրվարի 27-ին հայտարարել է, որ ծրագրում է հրաժարվել ռուսական նավթային հսկա Rosneft ընկերության 19,75%-ի բաժնեմասից՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելուց հետո, որը նշանակում է, որ ընկերությունը շուրջ 30 տարի հետո դադարեցնում է իր գործունեությունը նավթով հարուստ երկրում՝ չնայած հնարավոր ֆինանսական կորուստների, նշում է Ռոյթերս գործակալությունը, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Բրիտանական նավթագազային հսկան չի նշել, թե ինչպես է պատրաստվում հրաժարվել իր բաժնետոմսերից, որն, ըստ նրա, կհանգեցնի մինչև 25 միլիարդ դոլարի կորստի առաջին եռամսյակի վերջում: Rosneft-ի բաժնեմասը BP-ի նավթի և գազի ռեզերվների մոտ կեսն է, իսկ արդյունահանման՝ մեկ երրորդը:

«Ես խորապես ցնցված եմ Ուկրաինայում տիրող իրավիճակից, և իմ սիրտը ցավում է բոլոր տուժածների համար: Դա ստիպեց մեզ հիմնովին վերանայել BP-ի դիրքորոշումը Rosneft-ի հարցում», – ասել է BP-ի գործադիր տնօրեն Բեռնարդ Լունին:

Այս քայլը հանդիսանում է մինչ այժմ արևմտյան նավթային ընկերության ամենահամարձակ քայլը, որը արձանագրվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև սրվող ճգնաժամի պայմաններում:

BP-ն ասում է, որ այդ քայլը և ֆինանսական կորուստները չեն ազդի իր կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական նպատակների վրա, քանի որ ընկերությունը ձգտում է անցում կատարել նավթից և գազից դեպի ցածր ածխածնային վառելիքի և վերականգնվող էներգիայի ոլորտ:

Լունին և գործադիր տնօրենի պաշտոնում նրա նախորդ Բոբ Դադլին կլքեն Rosneft-ի խորհուրդը. BP-ն ձեռք է բերել Rosneft-ի բաժնետոմսերը 2013 թվականին 12,5 միլիարդ դոլար արժողությամբ TNK-BP բաժնետոմսերի վաճառքի շրջանակներում:

Որպես բաժնետեր BP-ն ստացավ եկամուտ Rosneft-ի շահույթից, որը 2021 թվականին կազմել էր մոտ 640 միլիոն դոլար, որը BP-ի գործառնություններից ստացված դրամական հոսքերի մոտավորապես 3%-ն է: