Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը

Ստամբուլում այս տարի ևս չեն թույլատրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման անցկացումը, հայտնում է Agos-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ապրիլի 24-ի հիշատակի հարթակը» դիմել էր նահանգապետարան՝ Քադըքյոյում, Սյուրեյյա օպերայի շենքի դիմաց, ապրիլի 24-ին ժամը 19:00-ին հավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն դիմումը մերժվել է։

Հարթակը նշել է, որ վերջին տարիներին ևս նման դիմումները մերժվում են, մինչդեռ մինչև համավարակը միջոցառումները, հատկապես Ստամբուլում, անցկացվում էին պարբերաբար։

Կազմակերպիչները ընդգծել են, որ հիշատակի հավաքների անցկացումը ժողովրդավարական իրավունք է և կոչ են արել վերանայել որոշումը՝ նշելով, որ դրանք միտված են հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի զոհերի հիշատակին և նպաստել հասարակական հիշողության պահպանմանը։