«Այս որոշմամբ իշխանությունները թքեցին հանրության վրա». Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման շուրջ

«Այս որոշմամբ իշխանությունները թքեցին հանրության վրա». Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման շուրջ
«Այս որոշմամբ իշխանությունները թքեցին հանրության վրա». Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման շուրջ

Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում քրեաօիլգարխիկ ռեւանշի հերթական փուլն է, որը սկսվեց Հայաստանում անցյալ տարի սեպտեմբերի 3-ին` Մաքսային միություն մտնելու հայտարարությամբ, հետո մարմնավորվեց Հովիկ Աբրահամյանի` վարչապետ նշանակամամբ: Այս կարծիքին է «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա նշում է, որ Խաչատրյանի վերանշանակմամբ մենք տեսնում ենք «հին ընկերների վերադարձը»:

«Սա մարտահրավեր է,  ապտակ հասարակությանը, սա մարտահրավեր է Հայաստանի զինված ուժերի հաշվի առնելով Բուդաղյանների հետ ունեցածը» ,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Տեցեկացնենք, որ ի զարմանս շատերի, այսօր Հայաստանի կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետ: Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է վերջին պահին: Նիստին ներկա է եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, անցյալ տարի, հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Գորիս քաղաքում` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ապա հրաձգության հետեւանքով սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղայրը` ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկի գնդապետ Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվեց հիվանդանոց:

Թեեւ մինչ արյունալի դեպքերը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի և նրա եղբայրների կողմից հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ մամուլում բազմիցս եղել են, այնուամենայնիվ ո´չ նա,  ո´չ էլ նրա հարազատները չեն պատժվել: Ավելին, Սերժ Սարգսյանը Սուրեն Խաչատրյանին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով էր պարգևատրել:

Այս դեպքում եւս, թեեւ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, այնուամենայնիվ, գործի քննության ընթացքում նախաքննական մարմինը գործով մեղադրյալներ նրա որդուն` Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահի`  Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար  Արթուր Սաքունցն ասում է, որ վերանշանակումը չպետք է զարմացներ մարդկանց, քանի որ ռեժիմից այլ բան հնարավոր չէր ակնկալել:

«Նման լկտի որոշմամբ, իշխանությունը ոչ միայն հաշվի չի առել հանրության կարծիքը, այլեւ թքել է հանրության վրա: Սա ոչ թե Սուրիկ խաչատրյանի մակարդակի հարց է, այլեւ մի հարց է, որը վարկաբեկում է Հայաստանի հանրապետության վարկանիշը դրսում, սակայն մի քայլ է, որն ամբողջովին տեղավորվում է ԵՏՄ տրամաբանության մեջ,-«Մեդիալաբին» ասում է Սաքունցը:- Հանցագործին բարձր պաշտոնի վերանշանակելով` իշխանություններն արեցին մի քայլ դեպի Եվրասիական տնտեսական միություն, որտեղ քաղաքացու հանդեպ ոչ մի պարտավորություն հաշվի չի առնվում»:

Հիշեցնենք, որ սկանդալային պահվածքով հայտնի 57-ամյա Սուրիկ Խաչատրյանի անունը, ով հայտնի է «Լիսկա» մականվամբ, ամենաերկարակյաց մարզպետներից մեկն էր Հայաստանում: Սյունիքի մարզի մարզպետի պաշտոնում նա նշանակվել է 2004 թվականին եւ մինչ հայտնի ողբերգական իրադարձությունները, որի հետեւանքով հրաժարականի դիմում գրեց, պաշտոնավարել է առնվազն 10 տարի:

Տարիներ շարունակ  Խաչատրյանի եւ նրա հարազատ մտերիմների անուններն ասոցացվել են  ամենաթողության, անսահման իշխանության, եւ իշխանությունների կողմից հավելյալ արտոնություններ ունենալու մեջ, որի դիմաց վերջինս իշխանությունների աջակցել է ընտրություններին:

Ըստ տարբեր տարիների մամուլի հրապարակումների, Սուրեն Խաչատրյանի եղբայրների անունները կապվել են Սյունիքի մարզում տեղի ունեցած մի շարք խոշոր հանցագործությունների հետ:

«Սուրեն Խաչատրյանի եղբայրների տղաները դանակահարելով սպանել էին մի երիտասարդի՝ իրենց ուսով դիպչելու համար: Դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել: Այս մանրամասնը երբեք չեմ հրապարակել, թեեւ այն կա գործի նյութերում: Սակայն երբ զրուցում էի սպանվածի ծերունի ծնողների հետ՝ մինչ նրանցից մեկը երկմտում էր, թե ինձ հարցազրույց տա կամ ոչ՝ մյուսը հորդորում էր, թե ի՞նչ գործ ունես, մեզ կվերացնեն»,-2011-ի նոյեմբերի 15-ի համարում գրում է «Առավոտ» օնլայնի խմբագիր, լրագրող Աննա Իսրայելյանը:

Ոչ վաղ անցյալում հենց անձամբ մարզպետ Սուրեն Խաչատրյանը Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում հրապարակային ապտակեց կին գործարար Սիլվա Համբարձումյանին ու անպատիժ մնաց: Սիլվա Համբարձումյանը բազմիցս բարձրաձայնել էր, որ Սուրեն Խաչատրյանն իրեն պատկանող ոսկու հանքից 102 մլն դրամ արժողությամբ սարքավորում է գողացել: Սակայն, որեւէ ընթացք այդ գործին չտրվեց:

Մինչ պաշտոնաթողությունը, Սուրիկ Խաչատրյանին անունն կապվում էր Սյունիքի արոտավայրերը Իրանին վարձակալությամբ տալու աղմկահարույց գաղտնի համաձայնագրի հետ, որն այդպես էլ իշխանությունների կողմից բացատրությունների չարժանացան:

Սակայն, անցյալ տարի հունիսի 1-ին Խաչատրյանի Գորիս քաղաքում տեղակայված առանձնատան մոտ տեղի ունեցած հրաձգության հետեւանքով տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ մարզպետի հետ տարաձայնություններ ունենալու հետեւանքով արյունալի իրադարձությունների հետեւենքով Հայոց բանակի սպա Արտակ Բուդաղյանը ծանր վիրավորվեց, իսկ նրա եղբայրը` Ավետիք Բուդաղյանը սպանվեց, աղմուկի գագաթնակետին հասնելուց հետո Խաչատրյանը հրաժարականի դիմում գրեց:

«Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում վերանշանակելով, Կառավորությունը եւ Սերժ Սարգսյանն անձամբ մարդասպանին վերցրեցին իրենց հովանավարչության ներքո: Սա ցույց է տալիս, որ իշխանությունը որպես հենարան տեսնում է հենց հանցագործ խմբավորումներին, որոնք իրենց համար ընտրություններին անգին ծառայություններ են մատուցում»,-վստահ է Արթուր Սաքունցը:

Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ վերանշանակումը մարտահարվեր է հասարակությանը:

«Թե ինչ զարգացումներ կլինեն, կախված է նաեւ հասարակության արձագանքից: Կա եւ պոտենցիալ, ու ուժ եւ ցանկություն: Արդյոք կկարողանա հասարակությունը միավորվել, կենտրոնանալ եւ թելադրել իր պահանջները իշանություններին, թե ոչ կախված է հասարակության միախմբումից»:  

Վահե Ներսեսյան

© Medialab.am