ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց փոխնախարար Արմեն Նազարյանի պաշտոնից ազատվելու լուրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը հայտնել է կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:
«Փոխնախարարին առաջարկվել է տեղափոխվել այլ պաշտոնի: Հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և այն պատասխանատվության շրջանակը, որն իր վրա պետք է կրի այդ գծով փոխնախարարը, հարմար եմ գտել այլ անձի դիտարկել այդ պաշտոնում»,-ասաց նախարարը:
Անահիտ Ավանեսյանը հաստատեց, որ Արմեն Նազարյանն արդեն իսկ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, սակայն հարցին, թե ի՞նչ պաշտոն է զբաղեցնելու նա, և արդյո՞ք նա էր Մարտունու ԲԿ-ի շինարարական աշխատանքների պատասխանատուն՝ նախարարը հրաժարվեց պատասխանել: