«Եթե պետությունը չկարողանա վերահսկել իրավիճակը, իհարկե, պետք է համարժեք որոշում կայացվի՝ հանրաքվեն հետաձգելու մասին». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը

– Պարո՛ն Սաֆարյան, կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի տարածմանը զուգահեռ երկրում արտակարգ դրություն հայտարարելու առաջարկություններ են հնչում նաև։ Հնարավո՞ր է արտակարգ դրություն հայտարարվի և հետաձգվի ապրիլի 5-ի հանրաքվեն։

– Նման հայտարարություն անելու համար առնվազն պետք է համաճարակաբան լինել ու տիրապետել ամբողջ իրավիճակին։ Ես չգիտեմ, թե ինչպես կզարգանա իրավիճակը, ես չգիտեմ՝ այսօր պետական մարմիններն իրավիճակը վերահսկելի համարո՞ւմ են, թե՞ ոչ։ 

Որքան էլ վատ է, որ առկա ցուցանիշները կան, բայց այնպես չէ, որ դա լոկալիզացված չէ։ Հետևելով հայտարարություններին՝ ես հասկանում եմ, որ ուղղակի Էջմիածնում տեղի ունեցած նշանադրության արարողության պատճառով է ընդլայնվել վարակակիրների օղակը։ 

Ես չգիտեմ՝ այս պահին պետական մարմինները վերահսկո՞ւմ են այդ վարակակիրների հետ շփում ունեցող մարդկանց ամբողջ շրջանակը, թե՞ ոչ։ Բայց եթե պետությունը չկարողանա վերահսկել իրավիճակը, այդ դեպքում, իհարկե, պետք է համարժեք որոշում կայացվի՝ հանրաքվեն հետաձգելու մասին։

Եթե կա այդ ռիսկը, այստեղ միայն հանրաքվեի հետաձգման խնդիրը չէ, մենք ունենք նաև հարսանիքների, սգո արարողությունների, այլ զանգվածային միջոցառումների խնդիր։ 

Եվ փաստը ցույց է տալիս, որ առայժմ այդ կարգի միջոցառումներից են վարակները տարածվել, ոչ թե քարոզարշավներից։ Պետությունն ինքը պետք է հասկանա՝ կարողանալո՞ւ է վերահսկել իրավիճակը։ Եթե այդ խնդիրն առաջանա, ոչ միայն հանրաքվեն է հետաձգվելու, այլև բազմաթիվ այլ միջոցառումներ։

 – Այսինքն՝ ոչ մի խնդիր չի՞ առաջանա, եթե հանրաքվեն հետաձգվի։

– Իհարկե խնդիր չի լինի։ Բայց, օրինակ՝ Ֆրանսիայում չեն հետաձգվել տեղական ընտրությունները, որոշում են կայացրել լրացուցիչ ուժեր կենտրոնացնել, որպեսզի կուտակումներ չլինեն, ընտրողները միմյանցից հեռավորություն պահպանեն։ 

Այսինքն՝ պետությունն այդպես է խնդրի լուծումը տվել, որպեսզի տեղամասերում միմյանց վարակ փոխանցելու հնարավորություններ չլինեն։

Նորից եմ կրկնում, եթե իրավիճակը լինի վերահսկելի, հնարավոր է նմանօրինակ և միգուցե այլ, ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել։ Իսկ եթե վերահսկելի չլինի, դա նշանակում է՝ մենք վարակի տարածման լուրջ իրավիճակ ունենք, և այստեղ միակ խնդիրը հանրաքվեն չէ։ Եվ այդ պայմաններում արդեն համալիր որոշում պետք է կայացվի։

– Կան կանխատեսումներ, որ եթե արտակարգ դրություն ու կարանտին հայտարարվեն, տնտեսությանը մեծ վնաս կարող է հասցվել։ Ի՞նչ կարգի վնասներ կարող են լինել։

– Այո՛, այդ խնդիրը կա։ Հանրային առողջությունը, անշուշտ, գերակա է, ամեն ինչ պետք է լինի դրանից բխող, բայց պետք է մտածել նաև տնտեսությունը պահելու մասին։ 

Չես կարող ուղղակի ամեն ինչ փակել։ Այնպես որ, այս տեսանկյունից կառավարության վիճակը բարդ է։ Ամեն ինչ փակելը հեշտ է, բայց դրա հետևանքների մասին պետք է մտածել։ Խնդիրը միայն ու միայն հանրության առողջության դաշտում չէ։

– Ի՞նչ կանխատեսումներ կարող են լինել այս վիրուսի հետագա տարածվածության ու հնարավոր վնասների մասին։

– Ես կարծում եմ՝ քանի դեռ պատվաստանյութը հայտնաբերված չէ, աշխարհի մակարդակով վտանգը կա։ Այսօր ասում են՝ Չինաստանն ազատվեց վիրուսից, բայց իրականում չի ազատվել։ Քանի դեռ վիրուսի դեմ պատվաստանյութ չկա, որը նաև հոգեբանական հանգստություն կբերի հասարակություններին ու տնտեսություններին, ես սա չեմ համարում կարճաժամկետ խնդիր։

– Մեր առողջապահության համակարգը կարո՞ղ է դիմագրավել այս վարակի հնարավոր տարածմանը։

– Մենք կազմակերպված ազգ ենք, շատ ավելի անպատրաստ վիճակներում ավելի ծանր բաների ենք դիմակայել։ Ես չեմ ասում՝ հեշտ բեռ է լինելու, որովհետև նույնիսկ եվրոպական ու ավելի կայացած առողջապահության համակարգ ունեցող երկրներում պրոբլեմ կա։ 

Տեղեկություններ կան, որ նույնիսկ այնպիսի իրավիճակ է, որ հիվանդանոցներում մահճակալներ չկան, և բժիշկները որոշում են կայացնում, թե առաջնահերթ ում փրկեն։ Աստված չանի, մենք այդ վիճակին հասնենք։ 

Դրա համար հիմիկվանից պետք է շատ արագ արձագանքող լինենք։ Թիվ մեկ խնդիրը արագ արձագանքելն է, վաղ շրջանում կանխելը։ Չպետք է թողնել, որ հետևանքներն ավելի բարդանան, որովհետև հետևանքներն աճում են երկրաչափական պրոգրեսիայով։

Համենայնդեպս, մենք պատերազմ ու այլ աղետներ տեսել ենք, ֆորսմաժորային իրավիճակներում աշխատել գիտենք։ Եվ եթե լավ ենք ինքնակազմակերպվում, անշուշտ, կարողանում ենք հաղթահարել պրոբլեմը։ Ես հուսով եմ՝ մենք պատվով կհաղթահարենք սա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am