Օսիպյանն ասում է՝ բնակիչներն են բողոքել․ ինչու են ոստիկանները Հյուսիսայինից կոպտորեն հեռացրել ուկրաինացի երաժիշտներին

Օսիպյանն ասում է՝ բնակիչներն են բողոքել․ ինչու են ոստիկանները Հյուսիսայինից կոպտորեն հեռացրել ուկրաինացի երաժիշտներին
Օսիպյանն ասում է՝ բնակիչներն են բողոքել․ ինչու են ոստիկանները Հյուսիսայինից կոպտորեն հեռացրել ուկրաինացի երաժիշտներին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է նախօրեին Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ ոստիկանները թևերը ոլորելով բերման էին ենթարկել Հյուսիսային պողոտայում նվագող՝ Ուկրաինայի երկու քաղաքացիների։

Կատարվածն արձանագրել և «Հալածանք Հյուսիսային պողոտայի երաժիշտների հանդեպ» վերնագրով գրառումով տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը։ Այն դժգոհության ալիք էր բարձրացրել սոցցանցերում։

«Մտահոգությունը տեղին է, ես հասկանում եմ մեր քաղաքացիների և տարբեր սոցցանցերի օգտատերերի դժգոհությունը։ Այո, կան երկրներ, ես ինքս ականատեսն եմ եղել, և կան քաղաքներ ու փողոցներ, որտեղ երաժշտություն կա և այլն, բայց Հյուսիսային պողոտան խիտ բնակեցված է, մենք պետք է մտնենք այդ բնակիչների դրության մեջ։ Այո՛, դա երաժշտություն է, դա գեղեցիկ է, դա հաճելի է, բայց այդ երաժշտությունը բնակիչների համար դարձել է աղմուկ։ Մենք ունենք բազմաթիվ բողոքներ։  Պնդումները, որ այնտեղ մարդիկ չեն ապրում, չի համապատասխանում իրականությանը։ Ես նույնիսկ շնորհակալություն եմ ստացել բնակիչներից, որոնք նամակ են գրել ոստիկանությանը և բնակիչներն էլ ստորագրել են։ Հանձնարարել եմ, որ մոտենան, զգուշացնեն, որ ձայնը քիչ լինի, և մինչև 23.00–ն այդ ամենը կազմակերպեն», – ասել է Օսիպյանը:

Բուն միջադեպի վերաբերյալ ՀՀ ոստիկանապետն ասել է. «Եղել է վիճաբանություն 2 երաժիշտների միջև, և իրենք չեն հերքում, նրանցից մեկը գտնվել է ոչ սթափ վիճակում, իրար սեռական և տարբեր տեսակի հայհոյանքներ են տվել, մեր անցորդները դիտողություն են արել, ոստիկանները ստիպված են եղել միջամտել, քանի որ օրենքով է կարգավորվում հասարակական վայրում ոչ սթափ վիճակում երևալը։ Ներկայացրել են տարածքային ոստիկանություն և արձանագրություն կազմելուց հետո բաց են թողել»:

Ոստիկանությունից էլ այս առնչությամբ հայտնել են, որ օգոստոսի 29-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության ծառայողները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 175 հոդվածի (հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) հիմքով Հյուսիսային պողոտայում վարչական ձերբակալման են ենթարկել Ուկրաինայի Հանրապետության 2 քաղաքացու ու բերել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նրանց նկատմամբ նույն հոդվածով կազմվել է վարչական արձանագրություն, նրանք ազատ են արձակվել:

 Մինչդեռ Վահրամ Մարտիրոսյանի խոսքով՝ ոստիկանները «շատ բռի ձևով» են գործել։

«Երկու օր առաջ ոստիկանները արգելում էին նվագել ուկրաինացի ու վրացի երաժիշտներին, որոնք սիրված արտասահմանյան երգեր էին կատարում, բավական լավ մակարդակով, բայց ոչ բարձր՝ մոտիկ պետք է կանգնեիր, որ լսեիր։ Երևանի փոխոստիկանապետ Էդգար Պետրոսյանի ու իմ բանավեճից հետո Հյուսիսային պողոտայի երաժիշտներին հանգիստ թողեցին։

Երեկ նորից որսը վերսկսեցին՝ թե բնակիչները բողոքում են։ Ես էնտեղ էի, միջամտեցի՝ գնացին։ Բայց պարզվեց ոստիկանության մայորը, որն արդարացավ, թե միայն զգուշացնում ենք, որ բարձր չնվագեն, որի հետ էդտեղ իրար ձեռք սեղմեցինք, արդեն հրահանգել էր բռնել կանաչ իրոկեզով տղային՝ Իլյա Կուլիկին։ Շատ բռի ձևով թևերը ոլորել-տարել էին բաժանմունք։ Իսկ Իլյան պաշտպանում էր կիթառ նվագող հայ տղային, որի վրա հարձակվել էին նույն ոստիկանները։

ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈԻՄ՝ սրանց երաժիշտ որսալը նոր բռնե՞ց՝ հենց նոր իշխանության օրո՞ք։ Մեկնումեկդ տեսե՞լ եք, որ սրանք որևէ բուղայի կամ դրա բուղա թիկնապահների թևերը ոլորեն։ Երևի ճիշտ էր Սաակաշվիլին, որ բոլոր հին ոստիկաններին մի օրում գործից հանեց։

Ես նորից ասեմ։ Հյուսիսային պողոտան ճեմուղի է, հանրային տարածք, աղմուկի չափը կգերազանցեն, միջոցներ ձեռնարկեք, ուրիշ չափանիշներ էլ կարող են մշակվել։ Բայց դուք պետք է երաժիշտներին մոտենաք էդ թուղթը ձեռքներիդ՝ այլապես իրենք ազատ են անելու այն, ինչն օրենքով չի արգելվում։ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդված։

Երեկ կեսգիշերին ուկրաինացի երաժիշտներ Իլյա Կուլիկին և Ալեքսանդր Իլյուշինին ԲԱՑ ԹՈՂԵՑԻՆ Կենտրոնի ոստիկանատնից։ Շնորհակալություն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին աջակցության համար։

Շնորհակալություն Հյուսիսային պողոտայի տասնյակ անցորդների, ձեզ բոլորիդ՝ հրապարակային ու ԱՆ-ով (PM) արված օգնություն առաջարկների համար։

Երաժիշտների համար ծանր էր, բայց ընկճված չեն ու էսօր էլ են նվագելու։ Եկեք լսելու»,- գրել է Վահրամ Մարտիրոսյանը։

Նշենք, որ ֆեյսբուքում «Համերաշխություն փողոցային երաժիշտներին» խորագրով միջոցառում է նախաձեռնվել։ Օգոստոսի 30-ին, ժամը 21։00-23։00-ը Հյուսիսային պողոտայում նախատեսվում է համերգ՝ ի պաշտպանություն երաժիշտների։ 
 

«Ո՞վ որոշեց, որ փողոցային երաժիշտները էլ պետք չեն Երևանի գլխավոր/միակ ճեմափողոցում: Ո՞վ որոշեց, որ փողոցային երաժիշտին պիտի մի քանի ոստիկան կզցնի ու դեմքով մցնի ասֆալտի մեջ: Հազիվ համաձայնվել էինք, որ ոստիկան են ու մերն են:

Ո՞վ հավես ու ժամանակ ունի, գնում ենք խառը գործիքներով Հյուսիսայինում նվագելու, ի պաշտպանություն փողոցային երաժիշտներին, օրենքի դեցիբելներին համապատասխան»,- կոչ են անում նախաձեռնության հեղինակները։
 
Այս առնչությամբ Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էսօր ԼուսաՄութ-ով 21։00-23։00 սահմաններում փոքրիկ համերգ կունենանք հյուսիսային պողոտայում՝ ի աջակցություն փողոցային երաժիշներին։

Ըստ մեր տեղեկությունների որոշ շյուստրի, արագ կողմնորոշվող ոստիկաններ՝ սույն դեպքում ՄԵՆԹԵՐ, «լիցենզիայի» համար ինչ որ կլորիկ գումար են պահանջում փողոցում նվագողներից։

Տեղեկություն տրամադրող անձին չեմ նշում սոլիդարությունից ելնելով, ինքը թե ցանկանա, կբարձրաձայնի։

Մի խոսքով նվագել, լսել, սատարել ցանկացողները միանան։

Մինչ համապատասխան օրենքը, որ կսահմանի փողոցում նվագել, երգել, շոու անելու կարգը, ոչ մի ոստիկան, քաղաքացի չպիտի խոչընդոտի էդ մարդկանց»։

MediaLab.am