«Այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման աղբյուր պետք է լինեն` մեր երազանքների Հայաստանը կերտելու գործում». Արարատ Միրզոյան

«Այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման աղբյուր պետք է լինեն` մեր երազանքների Հայաստանը կերտելու գործում». Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Հանրապետության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի հայրենակիցներ, 1918-ի այս օրերին հայ ժողովուրդը, հյուծված ցեղասպանությունից, սովից, համաճարակներից, լքված դաշնակիցների կողմից, դուրս եկավ ամենաիսկական կենաց֊մահու կռվի և անհավատալի սխրանք գործելով Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում՝ կանգնեցրեց թուրքական զորքերի առաջխաղացումը։ 

Այդ սխրանքի արդյունքում հայ ժողովուրդը ոչ միայն հաստատեց ապրելու իր իրավունքը, այլև ամրագրեց իր՝ իբրև ազգային հանրույթի, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը։

Հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերականգնվեց Հայաստան պետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ հայրենիքի մասին երազանքը և պատրաստ է մինչև վերջին շունչը պայքարել այդ երազանքի համար։

100-ամյա վաղեմության այդ հերոսական իրադարձությունները մշտական ոգեշնչման, հպարտության և պատասխանատվության աղբյուր պետք է լինեն մեր համար՝ մեր երազանքների Հայաստանը կերտելու մեր հանձնառության գործում։ Շնորհավոր տոնդ, Հայաստան։ Շնորհավոր տոնդ, հայ ժողովուրդ»:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը