«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, օրեր առաջ «Արթուն ենք» շարժումը նամակներ էր փոխանցել խորհրդարան՝ պատգամավորներին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու ակնկալիքով: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել այդ առնչությամբ: Ինչպե՞ս եք գնահատում թե՛ նախաձեռնությունը, թե՛ խմբակցության պատասխանը:
– Որպես քաղաքական ուժի ղեկավար, որը Փաշինյանի անհապաղ հեռացման ջատագովն է, բնականաբար չեմ կարող սկզբունքորեն իմփիչմենթի գաղափարին դեմ լինել, ինչպես նաև դեմ չեմ առհասարակ Սահմանադրությամբ ամրագրված որևէ եղանակի՝ կլինեն ընտրություն, զանգվածային ցույցեր և այլն: Իմ գնահատմամբ՝ այս նախաձեռնությունը կարող է հետագա գործընթացների համար տրիգեր հանդիսանալ, բայց չի կարող իրականություն դառնալ հստակ պատճառներով, այսինքն՝ գաղափարին դեմ չեմ, բայց ռեալիզացիայի հնարավորությունը շատ փոքր եմ համարում:
Նախ արձանագրենք, որ Փաշինյանի պաշտոնանկության բավարար հիմքեր առկա են առնվազն 2020-ից սկսած, ակնհայտորեն և՛ քաղաքական, և՛ իրավական հիմքեր կան, խոսքն այս մասին չէ: Խոսքն այն մասին է, որ այսօր իշխանության մեջ ճաքեր առաջացնող նախադրյալներ չկան, այսինքն՝ չկա համաժողովրդական շարժում, իսկ սրա բացակայության պայմաններում ֆանտաստիկ է մտածել, որ խորհրդարանի պատերից ներս կարող են գտնվել շուրջ երկու տասնյակ ՔՊ-ականներ, որոնք կլքեն իրենց խմբակցությունը:
Հիմա ուղղակի բավական խոցելի վիճակում են հայտնվել ընդդիմադիր երկու խմբակցությունները, որովհետև իրական չհամարելով իմփիչմենթի հեռանկարը, պետք է արձանագրեմ նաև, որ երկուսն էլ մանդատ են ստացել բացառապես Փաշինյանին հեռացնելու օրակարգով, եթե իրենք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն գնում իմփիչմենթի գործընթացի՝ նշանակում է անուղղակի խոստովանություն, որ ձախողել են իրենց առաքելությունը խորհրդարանում:
– Խմբակցության հայտարարությունը ինչպե՞ս եք գնահատում:
– Այն բավական իրատեսական էր, կարևոր չէ նույնիսկ՝ հեղինակն ո՛վ է, այսօրվա խորհրդարանական ընդդիմադիր սեգմենտը ակնհայտորեն ի վիճակի չէ հասնել Փաշինյանի պաշտոնանկությանը:
– Ինչո՞ւ, պարո՛ն Սուրենյանց:
– Նախ՝ որակյալ ընդդիմություն չէ, դա մեկ, այդ իսկ պատճառով չեմ ուզում պարզաբանել, երկրորդ՝ չունի բավարար թվով ձայներ, երրորդ՝ չեմ կարծում, որ ընդդիմադիր զույգ խմբակցությունը կոնսենսուսի գա վարչապետի մեկ թեկնածուի շուրջ, չորրորդ՝ չկա համաժողովրդական շարժում, և հինգերորդ՝ իշխանության ներսում ճաքեր չկան:
– Հայտարարության մեջ կասկածի տակ է առնվում այս շարժման նախաձեռնության նպատակը, այն է՝ Փաշինյանի հեռացումը: Ձեր գնահատմամբ՝ շարժման նախաձեռնողներն ա՞յլ նպատակ են հետապնդում:
– Ես չեմ ուզում կասկածի տակ դնել ընդդիմադիր որևէ գործընկերոջ, այդ թվում՝ «Արթուն ենք» շարժման, ինչպես նաև շատ դեպքերում «Հայաստան» խմբակցության մոտիվների անկեղծությունը, եթե հակասություններ էլ կան՝ դրանց մասին խորհրդարանական զույգ խմբակցության, ինչպես նաև նրանց շուրջ եղած ուժերն ավելի լավ գիտեն, քան մենք, հետևաբար ես չեմ այն մարդը, որ պետք է այդ հակասությունների դաշտ մտնի:
– Շարժման նախաձեռնողները պնդում է, որ մեկ ընդդիմադիր պատգամավորը բավարար է, որ խորհրդարանում այդ գործընթացը սկսվի, այդպե՞ս է:
– Ես համոզված չեմ, որովհետև ով էլ նախաձեռնի, պետք է 36 ստորագրություն հավաքվի, ես դրա հնարավորությունը չեմ տեսնում, առավելևս չեմ տեսնում հնարավորությունը, թե ո՛նց է այդ 36-ը դառնալու 54: Մեկ պատգամավորի նախաձեռնությունը կարո՞ղ է համաժողովրդական շարժում հարուցել, էլի վստահ չեմ, որովհետև եթե այդ մեկը լիներ՝ համաժողովրդական շարժում մենք վաղուց տեսել էինք: Այսինքն՝ ժողովուրդը դժգոհ է, բայց չկան այն քաղաքական ուժերը, այդ թվում՝ մենք, որ կարողանան այդ դժգոհությունը կապիտալացնել:
Ես շատ վաղուց եմ ասել, որ գործընթացները, ցավոք սրտի, գնում են հերթական ընտրությունների, իհարկե չպետք է բացառել արտաքին ֆոսմաժորային իրավիճակները, բայց դա էլ քիչ հավանական է, այնպես որ, բոլորս պետք է ակտիվ նախապատրաստվենք ու մասնակցենք ԱԺ հերթական ընտրություններին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















