«Ռազմագերիների մեջ կան նաև տղաներ, որոնք ակնհայտորեն ենթարկվել են ֆիզիկական բռնության». Արտակ Զեյնալյանը՝ Եվրոպական դատարան դիմելու մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը

– Պարո՛ն Զեյնալյան, դուք զբաղվում եք գերեվարված զինծառայողների հարցերով: Խնդրում եմ ներկայացրեք՝ մինչ այս պահը ի՞նչ է հայտնի, ի՞նչ գործընթաց է հիմա:

– Այո՛, մեզ դիմում են իրենց զավակներին նույնականացրած ծնողներ, հարազատներ, և մենք զբաղվում ենք նրանց իրավունքների պաշտպանությամբ: Առաջիկայում կներկայացվեն հրատապ միջոց կիրառելու մասին դիմումներ, մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան կներկայացվի հիմնական գանգատը:

– Ի՞նչ է նշանակում հրատապ միջոց կիրառելու մասին դիմում:

– Հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այդպիսի դիմումներ մենք տասնյակներով ներկայացրել ենք ու հաջողությունների հասել ինչպես 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից առաջ ու հետո:

Բացատրեմ՝ ի՞նչ է նշանակում հրատապ միջոց: Եվրոպական դատարանը հիմնական գանգատի մասին որոշում կայացնելուց զատ, ունի նաև այլ ընթացակարգ՝ հրատապ միջոց կիրառելու ընթացակարգ, երբ միջանկյալ որոշում է կայացնում ու պետությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ որոշ գործողություններ կատարելուց կամ կատարել որոշակի գործողություններ:

Դրա նպատակն այն է, որ հիմնական դատական ակտը եթե կայացվի հօգուտ դիմումատուի, չստացվի այնպես, որ այն ժամանակավրեպ է ու անիմաստ, որովհետև իրավունքը խախտվել է և հնարավոր չէ վերականգնել: Դա կարող է լինել կալանքի, կյանքի իրավունքի խախտման հետ կապված հարցերով, այնպիսի դեպքերով, որոնք կարող են անդառնալի հետևանքներ առաջացնել:

Հրատապ միջոց կիրառելու մասին դիմումները կյանքի իրավունքի պաշտպանության նպատակ են հետապնդում:

– Այսինքն՝ հրատապ միջոց կիրառելու մասին որոշումը կարող է զսպել Ադրբեջանին, օրինակ՝ ռազմագերու նկատմամբ խոշտանգում, դաժան վերաբերմունք չցուցաբերել:

– Միանգամայն իրավացի եք, միանգամայն ճիշտ հասկացաք: Այո՛, այդ դիմումը հենց այդ նպատակն է հետապնդում, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա հայ ռազմագերիներին խոշտանգելուց, սպանելուց և այլն:

– Իսկ կարո՞ղ եք ասել, թե գերության մեջ գտնվող որքա՞ն զինծառայող եք նույնականացրել:

– Հստակ տեղեկություններ թվի վերաբերյալ չենք կարող հայտնել: Այս պահի դրությամբ մեր ունեցած տվյալները ամփոփվում են ադրբեջանական աղբյուրներում, տելեգրամ ալիքներում հրապարակված տեսանյութերում երևացող տղաների թվով:

– Իսկ ունե՞ք տեղեկություններ, թե արդյոք վիրավոր ռազմագերիներ կամ բուժօգնություն ստանալու խնդիր ունեցողներ կա՞ն:

– Բնականաբար, չենք կարող ունենալ, որովհետև տեսանյութերը բավարար ինֆորմատիվ չեն, բայց 2-3 վիրավորի մասին կարող ենք ասել, այնտեղ կան նաև տղաներ, որոնք ակնհայտորեն ենթարկվել են ֆիզիկական բռնության:

– Շատ լավ, իսկ որքա՞ն ժամանակում ՄԻԵԴ կներկայացվի հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը, այնուհետև՝ գանգատը:

– Դրա համար կպահանջվի մի քանի ժամից մինչև մեկ-երկու օր:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am