Երկակի հակասություն. Արամ Աբրահամյան

ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ ելույթ ունենալով խորհրդարանում` «ի պաշտպանություն» Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու, անդրադարձավ նաեւ աշխարհաքաղաքական խնդիրներին: Որքան հասկացա, պատգամավորի միտքը հետեւյալն էր. պարոն Օսկանյանն իր քաղաքական գործունեության ֆինանսական բաղադրիչն ապահովելու համար օգտվում էր ԱՄՆ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Ջոն Հանթսմանի աջակցությունից (պետք չէ ձեւ անել, որ դա այդպես չէ` ուրիշ հարց, որ դա «փողերի լվացում» չէ): Պարոն Հանթսմանի կուսակցությունը բավականին կոշտ քննադատում է Պուտինի ռեժիմը: Սակայն պարոն Օսկանյանի կուսակցությունը եւ դրա փաստացի հիմնադիր Ռոբերտ Քոչարյանը չափազանց ջերմ վերաբերմունք ունեն ոչ միայն Պուտինի, այլեւ Լուկաշենկոյի ռեժիմների հանդեպ` հավանաբար զգալով նրանց հետ որոշակի հոգեւոր հարազատություն: Եվ ահա պատգամավոր Գեղամյանը, որը նույնպես այս «եվրասիական» (կացնային-ավտորիտար) մտածելակերպի ջատագովն է, այստեղ իրավամբ հակասություն է տեսնում:

Հատկանշական է, որ երեկ խորհրդարանում խոսվում էր ոչ այնքան փողերի, փոխանցումների ու հաշիվների, որքան քաղաքականության մասին, որովհետեւ խնդիրն ինքնին քաղաքական է եւ կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ոմանք պնդում են, որ Օսկանյանը` իր հակասություններով հանդերձ, կարող է լինել ընդդիմության թեկնածու, եւ հենց դրա համար են իրեն ճնշում: Ոմանք էլ ասում են, որ իշխանությունը հատուկ է նախկին արտգործնախարարի գլխին «տառապյալի» պսակ դնում, որպեսզի հենց նա՛ ընկալվի որպես այլընտրանք եւ հեշտությամբ պարտվի ընտրություններում: Ոչ ոք, բնականաբար, չի հավատում, որ պատգամավորների շրջանում օրինականության հաստատումը պետք է սկսվի հենց Վարդան Օսկանյանից եւ ոչ թե, ասենք, Վարդան Այվազյանից կամ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներից: Կարդալ ավելին