Քրեական գործ. դպրոցի տնօրենը ծեծի է ենթարկել եւ եղունգներով ճանկռել աշակերտին

Քրեական գործ. դպրոցի տնօրենը ծեծի է ենթարկել եւ եղունգներով ճանկռել աշակերտին
Քրեական գործ. դպրոցի տնօրենը ծեծի է ենթարկել եւ եղունգներով ճանկռել աշակերտին

Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ  Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության կայքէջը:

Մասնավորապես` «168 ժամ» օրաթերթի` 2011թ. փետրվարի 15-16-ի  համարում  հրապարակվել է հոդված «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով: Ըստ այդ հոդվածի` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի  թիվ 2-րդ ավագ դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ա. Հարությունյանը 2010թ. դեկտեմբերից ենթարկվել է դպրոցի տնօրենի` Ս. Նազարյանի որդու եւ վերջինիս  ընկերախմբի հետապնդումներին, իսկ 2011թ. հունվարի 31-ին` ծեծի ենթարկվել: Հաջորդ օրը դպրոցի տնօրենը Ա. Հարությունյանին դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ հայհոյել է, ծեծի ենթարկել եւ եղունգներով ճանկռել նրան` այնուհետեւ նրան պարտադրելով տեղափոխվել այլ դպրոց, իսկ նրա տատին` Բ. Եղիազարյանին,  ով նաեւ հիշյալ դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, մանկխորհրդի նիստում հայտարարել է խիստ նկատողություն:

«Վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ 2011թ. փետրվարի 15-ին Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նյութերի ուսումնասիրության արդյունքում  ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

Ըստ դատախազության, Արմավիրի մարզի դատախազի հանձնարարությամբ նախաքննության օբյեկտիվության, բազմակողմանիության եւ լրիվության ապահովման նպատակով նախաքննական մարմինը ստուգման ենթակա է դարձրել նաեւ սույն քրեական գործի վերաբերյալ մամուլի հրապարակումները:

 

© Medialab.am