Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 26-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյային։ 

Փոխվարչապետը շնորհավորել է ՄԱԿ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և սերտ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել՝ ժողովրդավարության, անվտանգության, խաղաղության և կայունության խթանմանն ուղղված հավակնոտ ծրագրերի իրականացման համատեքստում։

Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարին, Կայուն զարգացման նպատակների իրագործմանն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը։

Լիլա Փիթրս Յահյան նշել է, որ չնայած 2020 թվականի մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է առաջ գնալ, և ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության զարգացման օրակարգին՝ իր մանդատի շրջանակում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ և պայմանավորվել՝ առավել արդյունավետ դարձնել համագործակցությունը էլեկտրոնային կառավարման և մի շարք այլ ուղղություններով։

Այդ մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։