«Զարմանալի է այսօր ցույցեր անող ուժերի դժգոհությունը, որովհետև սա էն համակարգն է, որ իրենք են բուծել». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, այսօր առնվազն մի քանի անգամ ոստիկանների կողմից բռնության դեպքեր արձանագրվեցին, ընդ որում՝ նաև լրագրողների նկատմամբ: Ի՞նչ գնահատական ունեք այս մասով:

– Ոչ մի անսպասելի բան չկար, չբարեփոխված, պատասխանատվության չենթարկված, չլյուստրացված, չզտված, որոշակի վատ փորձառություն ու ավանդույթներ կրող համակարգից այլ բան սպասելի չէր։ Իրականում սա էլ պիտի լիներ։ Երբ դու չես դատապարտում և պատասխանատվության ենթարկում արդեն արած քայլերի համար, ի՞նչն է հուշում, որ ոստիկանությունը պետք է այլ վարքագիծ դրսևորի նույնանման իրավիճակում։

– Անսպասելի իրավիճակում ենք հայտնվել, որովհետև մի կողմից իշխանական պատգամավորները, որոնք չորս տարի առաջ ոստիկանների կողմից բռնությունների էին ենթարկվում, այսօր ողջունում են ոստիկանների, այսպես ասած, «իրավաչափ գործողությունները», մյուս կողմից՝ կրկին խոսվում է այն մասին, որ ոստիկանությունն այդպես էլ չբարեփոխվեց: Ինչո՞ւ:

– Փաստորեն սա էլ լյուստրացիայի մի տեսակ է, որովհետև գործող իշխանությունների որոշ դերակատարների համար խնդիրը ոչ թե ոստիկանության բռնությունն էր, այլ բռնությունն էր կոնկրետ խմբի նկատմամբ։ Ես հիշում եմ՝ նման շնորհակալություն էին հայտնում Սերժ Սարգսյանը, տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք։ Այս բոլորը խնդիր են տեսնում, որ ոչ թե կա բռնություն, այլ խնդիր են տեսնում, որ բռնությունը իրենց կամ իրենց համախոհների նկատմամբ է կիրառվում։

Ես հույս ունեմ, որ հասարակությունը ողջամիտ կլինի ու կհասկանա, որ բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, որովհետև այսօր բռնության են ենթարկում մի կողմին, վաղը բռնության են ենթարկելու մյուս կողմին։

Ինձ համար զարմանալի է այսօր փողոցում ցույցեր անող ուժերի դժգոհությունը, որովհետև սա էն համակարգն է, որ իրենք են բուծել, ինչ ցանել են՝ էն էլ հնձում են։ Ափսոս, որ էնտեղ կան քաղաքացիներ, հիմնականում տուժում են շարքային քաղաքացիներ, որոնք ենթադրաբար ոչ մի հավակնություն չունեն, ուղղակի դուրս են եկել փողոց՝ ակցիաներին մասնակցելու։

– Տիկի՛ն Կարապետյանց, ատելության և անհանդուրժողականության այս մթնոլորտում ինչ հանգուցալուծում եք կանխատեսում:

– Կողմերից ինչ-որ մեկը պետք է կանգ առնի, բայց, անկեղծ ասած, երկու կողմից և ոչ մեկից նման ողջամտություն չեմ ակնկալում, ցավոք սրտի։ Միակ տարբերակը հասարակությունն է, մեր ժողովուրդը, որ պետք է հասկանա, որ այս կեղտոտ խաղի մեջ տուժողը լինելու է շարքային քաղաքացին, որովհետև բարձրաստիճան պաշտոնյաներին, ոնց հասկանում եք, ձեռք չեն տալիս, բռնության չեն ենթարկում, նրանց կամերաները չեն կոտրում, նրանց նկատմամբ բիրտ ուժ չեն կիրառում։

– Ո՞րն է ընդդիմության պահանջն ու ասելիքը, ինչի՞ համար է պայքարը՝ ըստ ձեզ։

– Իրեն ընդդիմություն կոչող խումբն ունի հստակ նպատակ՝ վերադառնալու իշխանության, հստակ նպատակ՝ վերականգնելու իր հնարավորություններն ու կարողությունները, անսահմանափակ լիազորությունները։ Ուղղակի ափսոսում եմ մեր քաղաքացիներին, որոնք բողոք, ցասում ունենալու իրավունք ունեն և օգտագործվում են երկու կողմից էլ։ Տուժողները իրապես լինելու են միայն շարքային քաղաքացիները, մնացածը իրենց թիկնապահներով, թիկնազորերով, կորտեժներով շատ պաշտպանված են։

– Տիկի՛ն Կարապետյանց, մարդիկ մի կողմից բողոքի ակցիաներին տեսնում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց տարբեր հանցանքներ էին վերագրվում, սակայն նրանք այսօր ոչ միայն ազատության մեջ են, այլև իշխանափոխության կոչեր են հնչեցնում: Ինչո՞ւ ունենք այս իրավիճակը, ինչո՞ւ իշխանությանը չհաջողվեց չորս տարում իրական փոփոխություններ իրականացնել, մեղավորներին պատժել:

Ես համոզմունք ունեմ, որ կա պատասխանատվության չենթարկելու պայմանավորվածություն։ Սա հիմնավորվում է նաև նրանով, որ այն համակարգերում, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեին իրենց կատարած հանցագործությունների համար այսօր փողոցում կանգնած բազմաթիվ մարդկանց, որևէ իրական փոփոխություն տեղի չունեցավ։ 

Ստեղծվեցին առանձին կառույցներ, որոնց առաջարկներն ի գիտություն չեն ընդունվում և արհամարհվում են, օրինակ՝ դատավոր նշանակվելիս հաշվի չեն առնվում անձանց վերաբերյալ տրված գնահատականները։ 

Համակարգերը չփոխվեցին, համակարգերում մնացին էն մարդիկ, որոնք հանցավոր էին, առնվազն՝ լռությամբ էին հանցավոր, իսկ որոշ դեպքերում՝ նաև գործողություններով, և սա հուշում է, որ իրական փոփոխությունների գնալու նպատակ էլ չի եղել, որովհետև իշխանությունը ինչ փաթեթավորմամբ ստացել էին, նույն փաթեթավորմամբ պետք է վերադարձնեին։ 

Եվ հիմա ենթադրում եմ, որ մենք ականատես ենք լինելու այդ պրոցեսներին՝ ինչպես են փոխանցելու իշխանությունը նրանց, ումից ստացել են՝ գրեթե նույն փաթեթավորմամբ, չնչին փոփոխություններով։ 

Ուստի զարմանալի չէ, որ գործողությունները, կարգախոսները և շատ այլ բաներ նույնն են։ Ափսոս ժողովուրդը, որ հերթական անգամ մոլորության մեջ է՝ միամտաբար հավատալով, որ նոր փրկիչներ են գալիս։

– Այս դժվարին իրավիճակում ո՞ւմ պետք է մարդիկ հավատան, ո՞ւմ հետ հույս կապեն։

– Դժվար հարց եք տալիս, որովհետև բոլոր փորձերը իրար հետ հավաքելու ողջամիտ ուժերի, որոնց թվում կարող էին լինել տարբեր կուսակցությունների, տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք չէին լինի մեկ կուսակցության անդամ, ուղղակի միավորված կլինեին մեկ գաղափարի շուրջ, ցավոք, այսօր առնվազն այդպիսի թիմ հնարավոր չեղավ ստեղծել։ Բայց եթե դու չունես այլընտրանքային տարբերակ, լավագույն որոշումը չէ վերադառնալ հնին, լավագույն տարբերակը չէ վերադարձնել ժողովրդի ձեռքով նրանց, որոնք հիմնադիրն են եղել այս ամբողջ պրոցեսի, իրավիճակի։

Արփինե Արզումանյան

MediaLab.am