Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված 27 փորձանմուշի պատասխանները, ըստ որոնց՝ 26-ը բացասական է, 1-ը՝դրական: Կորոնավարակակիր քաղաքացին նույն ընտանիքի շրջանակից է եւ նախապես մեկուսացված էր համապատասխան մեկուսարանում:
Բացասական 26 պատասխանից երկուսը նախկինում հաստատված վարակակիրներ են, ովքեր վաղը կրկնակի կթեստավորվեն եւ բացասական արդյունքի դեպքում կհամարվեն ապաքինված եւ դուրս գրվեն բժշկական հաստատությունից:
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 29 քաղաքացու մոտ, որից 8-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 581 քաղաքացի, մեկուսացվել՝ 69-ը։