Մոռացությունը կործանարար է. Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը Ցեղասպանության տարելիցին տեսաուղերձ է հղել

Գերմանիան չափազանց երկար սպասեց՝ մինչև լիարժեքորեն առերեսվելը սեփական և համաեվրոպական պատմության ամոթալի էջերին: Այս մասին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առնչությամբ «Արմենպրես»-ին տրամադրված տեսաուղերձում ասել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցության անդամ Կլաուդիա Ռոթը:

«106 տարի առաջ ապրիլի 24-ին սկսվեց հայկական ծագում ունեցող ավելի քան 1 մլն անձանց և այլ քրիստոնեական խմբերի՝ արամեացիների, ասորիների և քաղդեացիների պլանավորված արտաքսումն ու ոչնչացումը: Նրանք զոհ դարձան արտաքսման ու կոտորածի Օսմանյան կայսրությունում, որն այս մարդկանց դիտարկում էր որպես ներքին թշնամիներ և հենց այդ կերպ էլ վերաբերում նրանց»,- նշել է Ռոթը:

Նա ընդգծել է, որ այս մարդկանց ճակատագիրն օրինակ էր զանգվածային ոչնչացման, էթնիկ զտումների, դեպորտացիաների, ցեղասպանությունների պատմության համար, որոնցով սարսափելիորեն լի էր 20-րդ դարը:

«Գերմանիայում չափազանց երկար տևեց, մինչև մենք մեր սեփական և համաեվրոպական ամոթալի պատմությանը լիարժեքորեն և ազնիվ առերեսվեցինք: 2016թ. Բունդեսթագը համապատասխան բանաձևով դատապարտեց այդ հանցագործությունը, ինչպես նաև Գերմանական Կայսրության՝ որպես Օսմանյան կայսրության ռազմական դաշնակցի դերն այս իրադարձություններում:

Քանի որ միայն և միայն այս կերպ կարող ենք ամրապնդել մեր ժողովրդավարությունը և խուսափել ապագայում այդօրինակ ոճրագործություններից:

Բունդեսթագն այդ բանաձևով ընդունում է Գերմանիայի հատուկ պատմական պատասխանատվությունը, ի թիվս այլոց, Թուրքիային և Հայաստանին աջակցելու հարցում, որպեսզի անցյալի մութ էջերից ճանապարհ փնտրեն դեպի հաշտեցում և փոխըմբռնում»,- նշել է Ռոթը:

Բունդեսթագի փոխնախագահը շեշտել է, որ այս բանաձևով իրենք պարտավորվել են վերջապես ըստ արժանվույն ուշադրություն դարձնել 1915թ. Հայոց ցեղասպանության հիշողությանը և դրա հետևանքների պատշաճ ուսումնասիրմանը:

«Միայն այս կերպ մենք կարող ենք աջակցել Թուրքիայի ժողովրդավար գործիչներին, ովքեր տասնամյակներ շարունակ պահանջում են առերեսվել թուրքական պատմության այս մութ էջերին: Պատմությանն առերեսվելը թերևս ամենակարևոր հիմքը կարող է հանդիսանալ թե՛ հասարակության ներսում, թե՛ հարևանների կամ նախկին թշնամիների հետ հաշտեցման համար:

Այսօր, ապրիլի 24-ին ես հիշում եմ 1915թ. զոհերին: Չի կարելի մոռանալ, քանի որ մոռացությունը կործանարար է»,- եզրափակել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը:

https://www.facebook.com/watch/?ref=external&v=4087748371285259