Նիկոլ Փաշինյան. Մարգարեների մարգարեն

Մհեր Արշակյան

Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի մի արտահայտությունն ուղղակի իրեն ոչնչացրեց պատմության անունից: Ոչ ոք այդքան չէր շտապում ոչնչացնել հեղափոխության առաջնորդին, հայ ժողովրդի վերջին երկու տասնամյակի ամենասիրելի ղեկավարին, որքան դա արեց Փաշինյանն ինքը: 

Երկու օր առաջ խորհրդարանում Փաշինյանը, իր խոսքով, գաղտնիք բացեց, թե առաջին նախագահն ինչ է ասել իրեն 2018-ի հուլիսին հանդիպման ժամանակ։ «Մեջբերում` հողերն արդեն պիտի տաս, մեջբերման ավարտը»,- պատմեց Փաշինյանը:

Ու վարչապետը եզրակացնում է. «Իսկ ինչի՞ դիմաց (պիտի տամ հողերը -Մ. Ա.), ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել»: Հիմա արդեն պարզ չէ՞, թե ինչի դիմաց պիտի տայիր: 

Գրո՛ղը տանի, մարդը երկու դեպքում է «աստվածայնորեն» հրեշավոր՝ ինքնախարազանվելիս և ուրիշին ոչնչացնելիս:

Նիկոլ Փաշինյանն այս երկուսն էլ փորձում է այս մեկ խոստովանության մեջ: Չի ուզում ընդունել, որ այս մոլորակի վրա ինչ-որ մեկը մինչև պատերազմը տեսել է այն, ինչն ինքը չի տեսնում պատերազմից նույնիսկ կես տարի հետո՝ 4 հազար զոհ («պլյուս մինուս 50»,- ինչպես ավելացրեց դասականը), ստորացում և հանձնված հողեր: 

Ընկե՛ր, քեզ ասում էին՝ պիտի տաս: Դու չէիր ուզում տալ, պատերազմի կեսից զանգում ես Վլադիմիր Պուտինին, ասում ես՝ տալի՜ս եմ, տալի՜ս եմ: Բայց արդեն ավելին են ուզում քեզնից, էլ նախկին հարիֆը չկա:

Ու արդեն քո տալն էլ չեն հարցնում, պատերազմն սկսվել է, արդեն կվերցնեն առանց ախ քաշելու: Ադրբեջանը չի վերցնի միայն մի դեպքում, եթե նրան չթողնի Ռուսաստանը: Ու չթողեց, որ ամբողջը վերցնի:

Փաշինյանը, պնդում եմ, բուն պատերազմում ոչ մի մեղավորություն չունի, եթե այն սկսվել է, եթե այն չի կանխվել, պետք է տեղի ունենար այն, ինչ տեղի ունեցավ: Բայց երեք տարի ինչո՞վ էիր զբաղված, եթե քո իշխանության ամենասկզբում քեզ ասում էին՝ էդ ազատագրված տարածքները տո՛ւր, ընկե՛ր:

Հետո՞ ինչ, որ քեզ չեն ասել, թե ինչի դիմաց: Էդքան իմաստո՞ւն էիր, ինքնուրույն գլխի ընկնեիր՝ ինչի՛ դիմաց: Բա առաջին նախագահի մոտից դուրս ես գալիս, ասում ես՝ նա ինձ ոչ մի նոր բան չասաց: 

Էդ 44 օրը կանխատեսե՞լ էիր, 2018-ի հունիսին Լևոն Տեր-Պետրոսյանը քեզ պիտի ասեր, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակվելու է, դու գալու ես ԱԺ, ասելու ես՝ գնո՞ւմ ենք մինչև վերջ, քեզ ասելու են՝ գնա՛, հետո երեք հրադադարի փորձ է ձախողվելու, Ադրբեջանն ուղղակի փառահեղ հաղթանակ է տանելու, և մեզ բառացիորեն նվաստացնելով են պարտադրելու հրադադարի՞:

Այս ամենը ասել է, ընդ որում՝ հրապարակային, ընդ որում՝ ոչ մեկ անգամ: Եվ ինչո՞ւ պետք է նորություն ասեմ, եթե բոլոր տաքգլխությունների պատասխանը մեկն է: Իսկ իրականում (և ես գաղտնիք պիտի բացեմ) Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին 2018-ի հունիսին չի ասել, որ հողերը պիտի տաս: 

2,5 տարի առաջ Տեր-Պետրոսյանն ասել է Նիկոլ Փաշինյանին՝ մի՛ սպանիր եղբորդ, որդուդ, հորդ, ոչ մեկին մի՛ սպանիր, որովհետև ի՞նչ է պատերազմը, ընկերնե՛ր, քարկտիկ, տունտունիկ, կատվի մլավոց, նույնիսկ բարեհամբույր ժպիտ, սիրած աղջկա համբույր է պատերազմը, մոր եփած ճաշ է պատերազմը, լավագույն ընկերության կենաց է պատերազմը, ապրիլի 7-ի շնորհավորանք է պատերազմը, Քրիստոսի երկրորդ գալուստ է պատերազմը, Իմանուիլ Կանտի հետ առանց թարգմանչի հաճելի ու հասկանալի զրույց է պատերազմը, մարդը պետք է ապրի հանուն պատերազմի ամեն ակնթարթի, պատերազմից հաճելի ու երջանկացնող բան չկա, եթե ոչ մեկը չի զոհվել, ոչ մի փամփուշտ չի կրակվել, ոչ ոք չի գերեվարվել, և նույնիսկ դու չգիտես, թե ինչ են մահը, կորուստը, «Իսկանդերը», թշնամին, եթե այս ամենն ուղղակի չկա:

Միայն այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի դեմքին պիտի շրխկացներ դուռը և ասեր՝ դու գիտե՞ս ինչ ես խոսում, դու լսե՞լ ես երբևէ, որ հողեր չտալու պատճառով երբևէ մարդ մեռած լինի:

Ահա այդ ժամանակ նախագահ Տեր-Պետրոսյանը վերջնականապես կհասկանար, որ Փաշինյանը բոլոր մարգարեներից պայծառատես է, որ Նոստրադամուսը հայ է ու գուշակություններից ազատ ժամերին վարչապետ է աշխատում, որ ոչ մի Իլհամ Ալիև չկա, որ Էրդողանը միֆ է, որ ըստ Աստծո մտահղացման աշխարհի գոյությունն է անիմաստ, եթե այդ հողերը հայերինը չեն: 

Միայն այս ամենը փաստելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է ապրիլի 14-ին ԱԺ ամբիոնից ասեր՝ առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել:

Եվ դրանից հետո ծափահարողներին պետք էր կախել, եթե ծափահարություններից հետո չէին համբուրելու այն ասֆալտը, որի վրայով քայլում է Փաշինյանը, պատմության թանգարան չէին ուղարկելու ԱԺ այդ ամբիոնը, որի առջև ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը, և հայոց ոսկեղենիկ լեզուն չէին հռչակի Փաշինյանի անվան հայոց լեզու, որովհետև մարգարեների մարգարեն է նրանով խոսում: Թե չէ 4 հազար զոհ՝ պլյուս մինուս 50 հոգի, ընդլայնված Եռաբլուր, կորցրած տարածքներ, գերիներ:

Դրանք ի՞նչ, հիմարություն: Եվ թող ներեր մեզ Աստված, որ Հայաստանում նա ավելին չէր լինի, քան՝ Նիկոլ Փաշինյանը: 

Մհեր Արշակյան

MediaLab.am