«Այս իշխանության օրոք մահվան դեպքերը բանակում աճի միտում ունեն. միայն այս տարվա յոթ ամսվա ընթացքում արդեն 39-40 դեպքի մասին ենք լսել». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը

Տիկի՛ն Ալեքսանյան, վերջին շրջանում հաճախակի են դարձել բանակում՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը: Ինչո՞վ եք սա բացատրում:

– Նախ սկսենք այնտեղից, որ պաշտպանության նախարարությունը նորմալ հաղորդագրություններ չի տարածում: Երեկվա դեպքի մասով տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի իրավունքը նրանք չունեն, դա պետք է գրի քննչական մարմինը: Ամբողջ կյանքում սովորեցրինք, թե ինչպես պետք է հաղորդագրություն գրվի, բայց էլի նույն վիճակն է, տպավորություն է, թե ՊՆ-ում ով պատահի՝ հաղորդագրություն է գրում:

Այս իշխանության օրոք մահվան դեպքերը բանակում աճի միտում ունեն. միայն այս տարվա յոթ ամիսների ընթացքում արդեն 39-40 դեպքի մասին ենք լսել, ինչը բավական մեծ թիվ է: Ավելին ասեմ՝ Քննչական կոմիտեի որակումներն էլ այդ դեպքերին շատ վատն են, հեշտությամբ՝ մի քանի ժամ հետո մեկ էլ տեսնում ես, որ նրանք արդեն պարզել են, թե դա ինքնասպանություն է:

Ասեմ, որ մենք այցելեցինք Վարդենիսում մի ընտանիքի, որի զինվորի մահը որակվել էր ինքնասպանություն, կրակոցը ճակատից էր եղել: Ծնողները մեզ պատմեցին, որ գլխի հետևում երկու անցք կար: Հայրը, որը պայմանագրային զինծառայող է, ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարող էր այդ զենքից նման հետևանք մնալ:

Չգիտեմ՝ ինչ ասել, բազմիցս ենք ասել ամեն ինչ… հիմա մի տեսակ իմիջիայլոց վերաբերմունքը շատ-շատ է, ակնհայտ է այդ վերաբերմունքը մահվան դեպքերին: Ասեմ, որ Վարդենիսի այդ զինվորի մարմինը ծնողներին հանձնել էին դեպքից հինգ օր հետո, մարմինն արդեն նեխել էր, ու այդ ձևով իրենք հանձնել էին ծնողներին:

Մահվան դեպքերի այս հաճախականությունը խոսում է իրավիճակի նկատմամբ վերահսկողության բացակայության ու նաև բուժսպասարկման անորակության մասին, որովհետև եռամսյա հավաքի մասնակիցներից մեկը բողոքել էր, որ ինքը առողջական խնդիրներ ունի, անգամ փաստաթղթերն էր տարել, բայց հաշվի չեն առել, իսկ հետևանքը եղավ այն, որ այդ մարդը հանկարծամահ եղավ:

– Արդարացված համարո՞ւմ եք հանրության անվստահությունը այս դեպքերի պատճառների իսկության վերաբերյալ, հանրության զգալի մասը չի հավատում, որ դրանք ինքնասպանություն են կամ դժբախտ պատահարի հետևանք:

 – Հասկանում եմ հանրությանը, որովհետև դեպքերի թիվը շարունակ աճում է, ամեն օր մահերի մասին ենք լսում, բայց որևէ մեկը մեզ հստակ չի բացատրում, թե ինչու են մահանում, այսինքն՝ ՊՆ-ի վերնախավը, որը պատասխանատու է զինծառայողների համար, որևէ բացատրություն չի ներկայացնում:

Նրանք ոչ էլ այդ ընտանիքներին են տեսնում, մենք գրեթե բոլոր ընտանիքներին այցելում ենք ու տեսնում ենք, թե ինչ աղետ են բերել այդ ընտանիքներին: Պատասխանատվության իսպառ բացակայություն է, ոչ մեկն իրեն պատասխանատու չի զգում զինծառայողների մահվան դեպքերի համար, ու հանրությունն ինչ ուզենա՝ կարող է մտածել, որովհետև նրան չեն համոզում, վստահեցնում, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել, չնայած նման դեպքեր ուղղակի չպետք է տեղի ունենան:

– Որպեսզի այդ դեպքերը չլինեն, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն, տիկի՛ն Ալեքսանյան:

– Պետք է բանակի ղեկավարությունը համակարգային փոփոխություններ իրականացնի, անընդհատ լսում ենք այդ բարեփոխումների մասին, բայց արդյունքը չենք տեսնում, որովհետև չի կարող բարեփոխման մասին խոսք լինել, երբ մենք այսքան մահվան դեպքերի մասին ենք լսում, նրանք անգամ մոտ էլ չեն բարեփոխմանը:

Բանակում առկա է անպատժելիության, կրիմինալ մթնոլորտ, իսկ Քննչական կոմիտեն չի բացահայտում դեպքերը, որ կանխարգելի դրանք, այսինքն՝ մարդու կյանքը ոչ մի արժեք չունի ՊՆ ղեկավարության համար: Պատերազմում մենք այդքան զոհեր ունեցանք, բայց նրանք շարունակում են նույն անտարբեր, իմիջիայլոց վերաբերմունքը, հակառակ դեպքում մենք բոլորովին այլ իրավիճակ կունենայինք: Բանակը ոչ մի կերպ չեն վերականգնվում, ոչ մի կերպ, որ պատերազմից հետո թուլացած է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am