Փաշինյանն առաջարկում է քրեական գործ հարուցել Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է քրեական գործ հարուցել Արցախին հարակից 7 շրջանները 5 մլրդ դոլարի դիմաց հանձնելուն  մասին՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանը հրապարակել էր տեղեկություն՝ պնդելով, որ 2018-ի հոկտեմբերին Դուբայում ԱԱԾ նախկին տնօրենը հանդիպել է Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչին և ստացել ինչ-որ փակ ծրար, որում առաջարկվել է 5 միլիարդ դոլար՝ Արցախին հարակից 7 շրջանների դիմաց:

«Այդ կապի մասին ժամանակին ես հայտարարել եմ հրապարակային: Բոլորը դրա մասին իմացել են, որ կա օպերատիվ կապ, և այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո: Այսինքն՝ այդտեղ որևէ գաղտնիք ընդհանրապես չի եղել: Երկրորդը, ես առաջարկում եմ, որ այդ հայտարարության հիման վրա հարուցվի քրեական գործ, և ընդդիմության շարքերն անցած նախկին պաշտոնյան գնա և ցուցմունք տա, այսինքն՝ ինչո՞ւ ցուցմունք, թող հրապարակային պարզաբանումներ տա»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է Միքայել Մինասյանի խոսքերը, Փաշինյանը նշել է, որ եթե ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ Վանեցյանն առնչվել է դավաճանության փաստի հետ և քրեական գործ չի հարուցել կամ ձերբակալելու փորձ չի արել դավաճանին, ապա ինքն է դավաճան:

«Ուրեմն ինքն է դավաճան, կամ առնվազն համադավաճան: Կամ, ենթադրենք, ինքը վարչապետին ենթակա մարմնի ղեկավար էր՝ հանցագործության մասին հաղորդում չի՞ տվել Հատուկ քննչական ծառայություն կամ Դատախազություն, կամ այդ պահին հրաժարական չի՞ տվել, չի՞ գնացել, ասուլիս արել, ասել՝ վայ, դավաճանություն է տեղի ունենում: Դա հո ասելո՞վ չէ: Ես համաձայն եմ՝ եկեք պարզ, բաց, թափանցիկ քննություն անենք, տեսնենք՝ ո՞վ է դավաճան, և ո՞վ դավաճան չէ: Կամ ասում են՝ 5 միլիարդ դոլարով Ղարաբաղը և հողերը վաճառել է: Հետաքննություն արեք: Ես պատրաստ եմ, ես ժամանակին, իմիջիայլոց, այդ առաջարկը բոլորի համար եմ արել՝ թուղթ ստորագրել, լիազորագիր տալ, որ գնան, ամբողջ աշխարհում իմ և իմ ընտանիքի ունեցվածքն ստուգեն: Թող ստուգեն իմ՝ վարչապետ եղած ժամանակում իմ ընտանիքի նյութական վիճակը արդյոք որևէ կերպ բարելավվե՞լ է, որևէ կերպ»,- նշել է վարչապետը: