«Աղանդի պես մի բան է դարձել. օտար մարմին, օտար սպիտակուց». դեռևս պարզ չէ՝ ինչպես կընդունվի Հայաստանում պլանային նոր պատվաստումը

«Աղանդի պես մի բան է դարձել.  օտար մարմին, օտար սպիտակուց». դեռևս պարզ չէ՝ ինչպես կընդունվի Հայաստանում պլանային նոր պատվաստումը
«Աղանդի պես մի բան է դարձել. օտար մարմին, օտար սպիտակուց». դեռևս պարզ չէ՝ ինչպես կընդունվի Հայաստանում պլանային նոր պատվաստումը

Էջմիածնի բնակչուհի 25-ամյա Նոնա Սողոմոնյանի մեկամյա աղջնակն ընդամենը մեկ անգամ է պատվաստվել.
«Աղջիկս անտանելի ծանր տարավ պատվաստումը, ջերմությունն ահավոր բարձրացավ, էրեխեն ձեռքներիցս գնում էր, դրանից հետո կտրականապես հրաժարվել եմ պատվաստումներից, ես չեմ վստահում»:
Սողոմոնյանը նույն թերահավատությամբ է վերաբերվում նաև հոկտեմբերից պարտադիր դարձող ռոտավիրուսային հիվանդության դեմ պատվաստմանը:
Աշխարհում նորածինների ու երեխաների փորլուծային հիվանդության ամենատարածված պատճառի դեմ համակարգված պայքարելու համար հակառոտավիրուսային պատվաստումը կատարվելու է երկու դեղաչափով. առաջինը՝ 6 շաբաթական երեխաներին, երկրորդը՝ 12 շաբաթականներին:
Չնայած առողջապահության նախարարության հավաստիացումներին, որ պատվաստանյութը բացարձակ անվտանգ է և կողմնակի ռեակցիա չի առաջացնում, բազում ծնողներ տարակուսում են` տանե՞լ իրենց երեխաներին պատվաստման, թե՞ ոչ՝ հաշվի առնելով ԿԿԽ-ից և հնգավալենտ պատվաստանյութերից առաջացող ռեակցիաները:

Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը նշում է, որ հանրությունը դժվար է ընդունում ցանկացած նոր պատվաստանյութ:

«Ես ինքս բժիշկ եմ եղել, խորհրդային ժամանակ երկու երեխա եմ մեծացրել: Ամենավատ պատվաստվածները բժիշկների երեխաներն էին, ու այդ բժշկական կողմի հակազդեցությունը, ցավոք, դեռ կա: Այն ժամանակ չէինք վստահում պատվաստանյութի որակին, չունեինք այսքան ապացույցներ, արդյունավետության վերաբերյալ գիտելիքներ և ասում էինք, որ դա իմունային համակարգի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է: Բայց կյանքը ցույց տվեց, որ պատվաստումները միլիոնավոր կյանքեր են փրկում»:

Նա վստահեցնում է, որ ռոտավիրուսային պատվաստանյութն անվտանգ է, և կոչ է անում ծնողներին առանց խուճապի մատնվելու երեխաներին թույլ տալ այն ստանալ.

«Ռոտավիրուսային պատվաստումը շատ հեշտ է կատարվում և հեշտ յուրացվում, հակացուցումներ չկան, բարդություններ չի տալիս, ներարկման ճանապարհն էլ շատ հեշտ է, պարզապես երեխայի քթանցքի մեջ են կաթեցնում: Որակն էլ շատ լավն է՝ բելգիական արտադրության է, և առնվազն 7 տարի երեխաներին պաշտպանում է հիվանդությունից»:

Ռոտավիրուսը մինչև 5 տարեկանների փորլուծային հիվանդությունների հիմնական հարուցիչն է: Վարակվելու առումով առավել խոցելի են 6-24 ամսական երեխաները: Մինչև 3 տարեկանը յուրաքանչյուր երեխա վարակվում է ռոտավիրուսով առնվազն մեկ անգամ, իսկ առաջին անգամ, որպես կանոն, վարակվում է մինչև 2 տարեկանը:

Ակնկալելով հասարակությունից ալիք տվող դժգոհություններ` Սարիբեկյանը հորդորում է խնդրին նայել տարբեր տեսանկյուններից.

«Աշխարհում երեխաների փորլուծի 40 տոկոսի հարուցիչը հենց ռոտավիրուսն է: Մեր դիտարկումներն էլ նույնը ցույց տվեցին: Այսինքն՝ եթե 1000 երեխայի մոտ լուծ կա, ապա 4-ի մոտ հարուցիչը ռոտավիրուսն է: Սա միջին վիճակագրություն է, և եթե փորլուծերի մոտ կեսի հարուցիչն այդ վիրուսն է, ապա ինչո՞ւ պատվաստում չանել»:

«0-5 տարեկան յուրաքանչյուր երեխա տարին գոնե մեկ անգամ անպայման փորլուծություն է ունենում, իսկ դա կարող է ուղեկցվել լուրջ հետևանքներով, ընդհուպ` մահ: 1000 կենդանի ծնված երեխաներից մեկը լուծից մահանում է, պայմանական թվով ասած՝ 40 հազար երեխաներից 40-ը կարող են լուծից մահանալ, որի մոտ կեսը կարող է լինել ռոտավիրուսային հիվանդությունը: Ուրեմն պետք է փրկել այդ 40 երեխայի կյանքը»,- բացատրում է նախարարության ներկայացուցիչը:

Նախարարության մեկ այլ ներկայացուցիչ՝ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը բացատրում է, որ պատվաստումների ռեակցիաները «սպասելի ու թեթև են»: Օտար մարմինը ներմուծվում է երեխայի օրգանիզմ, ինչից հետո սպասում են պաշտպանական ռեակցիայի:

«Երբ երեխան հիվանդանում է, նրա օրգանիզմը հանդիպում է բնական ճանապարհով օրգանիզմ ներթափանցած հարուցիչին վայրի վիճակով, ինչը կարող է ծանր հիվանդություն առաջացնել, իսկ պատվաստանյութի բաղադրության մեջ նույն հարուցիչը այդ հատկանիշներից լրիվ զերծ է, թուլացված է: Այն միայն օտար մարմին է, և օրգանիզմը պետք է ճանաչի նրան, որպեսզի դրսևորի իր սեփական պաշտպանական հատկանիշները»,- պարզաբանում է Սահակյանը:

Բուժաշխատողները հորդորում են ծնողներին կշեռքի նժարին դնել պատվաստանյութի սպասելի թեթև ռեակցիան և դրա հակառակ իրավիճակը: Այդուհանդերձ, բազմաթիվ ծնողներ հրաժարվում են առաջին իսկ դժվար ռեակցիայի դեպքում:

25-ամյա Լուսինե Հակոբյանն ասում է, որ իրենք ընտանիքով խուճապի էին մատնվել, երբ իր տղան ստացել էր հնգավալենտ պատվաստումը.

«Ջերմությունը չէր իջնում, երեխան թուլացած վիճակում էր: Լսել էինք, որ այդ պատվաստումից երեխա էր մահացել, էլ դրանից հետո ո՞նց համարձակվենք երեխաներին տանել մյուս պատվաստումը ստանալու: Ավելի լավ չէ հիվանդանա, գոնե կիմանանք, հիվանդացել է, թե չէ ստացվում է` մենք մեր ձեռքով ենք երեխային տանում այդ դուռը»:

Գայանե Սահակյանը պարզաբանում է, որ հնգավալենտն առաջացնում է նույն ռեակցիան, ինչ եռավալենտը. եթե եռավալենտի դեպքում սպասվող ջերմային և տեղային ռեակցիաները 50 տոկոս էին կազմում, ապա հնգավալենտի դեպքում ընդամենը 10 տոկոս է.

«Մի երեխան կարող է 38 աստիճան ջերմությունը բացարձակապես չզգալ, բայց մեկ ուրիշն էլ 37,4-ը շատ ծանր տանել, կախված է երեխայի անհատական առանձնահատկություններից: Մենք մահվան դեպք ընդհանրապես չենք ունեցել: Ուղղակի ժամանակի առումով համընկել է, որ երեխան պատվաստման հաջորդ օրը մահացել է, բայց դա ամենևին կապ չի ունեցել, և հերձման արդյունքներն ու ծնողների նշած ախտանշանները բոլորովին այլ բան են ցույց տվել: Հետպատվաստումային դիտարկում անցկացվել է 2008-ին, անսպասելի ռեակցիաներ չեն եղել»:

Սակայն, հրաժարվողներ դեռ կան. 29-ամյա Անահիտ Հայրապետյանը իր 2 տարեկան աղջկան և 6 ամսական տղային երբեք չի տարել պատվաստման: Ասում է՝ ամուսնու հետ երկար են քննարկել և որոշել են հրաժարվել:

«Շատ բաներ կարդացինք: Երկու դեպքում էլ ռիսկային է՝ և´ անելը, և´ չանելը: Շատ են դեպքերը, երբ երեխաները պատվաստումից հետո ընկնում են ծանր վիճակի մեջ»,- ասում է նա:

Կարինե Սարիբեկյանն ասում է, որ պատվաստումներից հրաժարումը միայն Հայաստանի խնդիրը չէ.

«Աղանդի պես մի բան է դարձել, ասում են՝ օտար մարմին, օտար սպիտակուց չներարկել, մեզ զոմբիացնում են և այլն, ինչպես եղավ մի ժամանակ, որ, իբր, չիպեր են դնում մեզ վրա և այլն: Ցավոք, հաճախ դրան միանում են այն մարդիկ, որոնց երեխաները պատվաստումներից հետո խնդիրներ են ունեցել»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը «Մեդիալաբին» ասում է, որ պատվաստումների ծրագիրն աշխարհում ամենահաջողվածներից մեկն է, և նաև այդ պատճառով դարձել է իր հաջողության զոհը.

«Այսօր ծնողները հրաժարվում են երեխաներին պատվաստելուց, քանի որ չեն տեսնում այն ռիսկերը, որոնք կապված են այդ հիվանդությունների հետ: Իսկ չեն տեսնում, քանի որ պատվաստման ծրագրի շնորհիվ մենք կարողացանք վերացնել կամ զգալիորեն կրճատել այդ հիվանդությունների դեպքերը Հայաստանում»:

«Եթե մենք թողնենք պատվաստումները, այդ հիվանդությունները նորից գլուխ կբարձրացնեն և վտանգի տակ կդնեն մեր երեխաների առողջությունն ու ապագան: Ինձ թվում է՝ 21-րդ դարում հարիր չէ, որ Հայաստանում երեխան մահանա կամ հաշմանդամ դառնա մի հիվանդության պատճառով, որը կարելի է կանխել ընդամենը մեկ պատվաստումով»,- հավելում է Սահակյանը:

© Medialab.am